Հարավային Կովկասում տիրող իրավիճակը սևեռուն ուշադրություն է պահանջում. դրա մասին հայտարարվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդին առընթեր գիտափորձագիտական խորհրդի ԱՊՀ հիմնախնդիրների կոմիտեի նիստում։

Ինչպես հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից, նիստում քննարկվել է Հարավային Կովկասի պետությունների հետ հարաբերությունների զարգացման հարցը։

Բացելով կոմիտեի նիստը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ներկա իրավիճակը սևեռուն ուշադրություն է պահանջում, և տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է գտնել ու կիրառել տարածաշրջանային լուծումներ։

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովի նախագահությամբ՝ կոմիտեի անդամները վերլուծել են Անդրկովկասի հանրապետությունների հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով աշխարհում աշխարհաքաղաքական գործընթացների մրրկայնության աճը։

Source: https://news.am/hy/news/1042113