ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներն ապահովել են ավելի քան 200 առևտրային նավերի, դրանց թվում՝ նավթային լցանավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։

Ըստ նրա՝ անցյալ ամիս ինքը հանձնարարել է ԱՄՆ զինված ուժերին հատուկ գործողություն իրականացնել տարածաշրջանում առևտրային նավերի ուղեկցման համար։ Արդյունքում նեղուցով տեղափոխվել է ավելի քան 100 միլիոն բարել նավթ, որը մուտք է գործել համաշխարհային շուկա։

«Ավելի քան 200 առևտրային նավ անվտանգ անցել է նեղուցով»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ամերիկյան առաջնորդը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը փաստացի գտնվում է ԱՄՆ-ի, այլ ոչ թե Իրանի ձեռքում։

«Այս չափազանց հաջող ջանքերը հնարավոր դարձան այն պատճառով, որ Հորմուզի նեղուցը վերահսկում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ ոչ թե Իրանը»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ իրանական զինված ուժերը պարտություն են կրել, իսկ երկրի տնտեսությունը գտնվում է ծանր դրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1042629