ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ Իրանին հասցված վերջին հարվածները չեն ձախողի դիվանագիտական գործընթացը և թույլ կտան պահպանել Թեհրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
Ըստ աղբյուրի՝ հարվածները հասցվել են այնպես, որպեսզի ուժեղացնեն Վաշինգտոնի բանակցային դիրքերը, սակայն միևնույն ժամանակ խուսափեն մարդկային զոհերից և չփակեն հետագա բանակցությունների ուղին։
«Հարվածները հասցվել են երեքշաբթի գիշերը, որպեսզի ԱՄՆ-ն կրկին ունենա ազդեցության որոշակի լծակներ, սակայն դրանք հաշվարկված են եղել այնպես, որ ոչ ոք չզոհվի, և գործարքի հնարավորությունը պահպանվի»,- նշել է պարբերականի զրուցակիցը։
Հրապարակման մեջ ասվում է նաև, որ կատարցի միջնորդները շարունակում են շփումները Թեհրանում՝ փորձելով վերսկսել բանակցային գործընթացը և վերացնել կողմերի միջև մնացած տարաձայնությունները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին նոր հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին՝ չնայած շարունակվող դիվանագիտական ջանքերին։ Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ հարձակումները պատասխան են եղել Օրմուզի նեղուցի վրա ամերիկյան ուղղաթիռի հետ տեղի ունեցած միջադեպին, որից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների փոխանակում էր հաջորդել։
Source: https://news.am/hy/news/1042627