ԱՄՆ գլխավոր օկրուգային դատավոր Ջոն Մակքոնել-կրտսերը ուրբաթ արգելափակել է Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականությունը, որը փաստացիորեն զրկել էր 39 երկրի քաղաքացիներին գրին-քարտեր, քաղաքացիություն, քաղաքական ապաստան և աշխատանքի թույլտվություն ստանալու հնարավորությունից, հայտնում է Associated Press-ը։
Անցյալ տարի այս սահմանափակումների ներդրման առիթ էր հանդիսացել Աֆղանստանի մի քաղաքացու ձերբակալությունը, ով կասկածվում էր Գոհաբանության օրվա հանգստյան օրերին ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու մարտիկների վրա զինված հարձակում գործելու մեջ։ Այս միջադեպից հետո ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը (DHS) խստացրել էր ստուգման չափանիշները և գաղտնի «կատեգորիկ արգելք» մտցրել Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների ներգաղթյալների փաստաթղթերի վերաբերյալ վերջնական որոշումների կայացման վրա։
Իր որոշման մեջ դատավոր Մակքոնելը խիստ քննադատության է ենթարկել վարչակազմին՝ հայտարարելով, որ ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS) դուրս է եկել իր օրինական լիազորությունների շրջանակից։ Դատավորն ընդգծել է, որ գերատեսչությունը երկրում օրինական հիմունքներով գտնվող անթիվ մարդկանց թողել է երկարատև իրավական վակուումի մեջ։
Ըստ վճռի՝ պաշտոնյաները թաքնվել են ազգային անվտանգության շինծու նկատառումների հետևում, որպեսզի քողարկեն հականերգաղթային տրամադրությունները, որոնց կիրառումն ուղղակիորեն արգելված է օրենքով՝ որոշումներ ընդունելիս։ Դատարանը Սպիտակ տան գործողությունները որակել է որպես «կամայական և քմահաճ»։
Սպիտակ տան իրավաբանները փորձում էին հասնել հայցի մերժմանը՝ պնդելով, որ Կոնգրեսը գործադիր իշխանությանը օժտել է օտարերկրացիների մուտքը կարգավորելու լայն լիազորություններով։
Այնուամենայնիվ, իրավապաշտպան կազմակերպություններն ու միգրանտների միավորումները տոնում են հաղթանակը՝ դատարանի որոշումն անվանելով կարևորագույն նախադեպ, որը հաստատեց, որ դաշնային կառավարությունը իրավունք չունի կրճատելու ներգաղթի օրինական ուղիները կամ սահմանափակելու մարդկանց իրավունքները՝ ելնելով նրանց ազգային ծագումից։
Ողբերգությունը, որը սահմանափակումների առիթ էր դարձել, իրավապաշտպանների կարծիքով, չպետք է վերածվեր կոլեկտիվ պատժի գործիքի հազարավոր օրինական հայցվորների համար, որոնք բյուրոկրատական սառեցման պատճառով արդեն սկսել էին կորցնել աշխատանքը։
Source: https://news.am/hy/news/1041312