Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների խոսնակները բոլոր խմբակցությունների քննարկմանն են ներկայացրել կայսերական ընտանիքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկները։ Դրանք պետք է լուծեն գահաժառանգության ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Նարուհիտո կայսրն այսօր ունի ընդամենը երեք ժառանգ՝ իր կրտսեր եղբայրը՝ 60-ամյա թագաժառանգ արքայազն Ֆումիհիտոն, 19-ամյա եղբորորդին՝ Հիսահիտոն, և հորեղբայրը՝ 90-ամյա արքայազն Հիտատին։ Այս պատճառով վերջին տարիներին մեծանում է կայսերական գահի կայուն ժառանգման վերաբերյալ մտահոգությունը։

Քննարկվող երկու առաջարկները վերաբերում են կայսերական ընտանիքի մասին 1947 թվականի օրենքին, որն արտոնում է գահի ժառանգումը բացառապես տղամարդկանց գծով։ Առաջին տարբերակով առաջարկվում է կանանց և աղջիկներին թույլ տալ պահպանել կայսերական կարգավիճակը նաև հասարակ քաղաքացիների հետ ամուսնանալուց հետո։ Երկրորդ տարբերակով նախատեսվում է կայսերական ընտանիք ընդունել տղամարդկանց այսպես կոչված 11 կողմնային ճյուղերից, որոնք այդ կարգավիճակից զրկվել էին 1947 թվականին։

Ակնկալվում է, որ ավելի ուշ այս առաջարկները կներկայացվեն վարչապետ Սանաե Տակաիչիին։ Դրանից հետո կառավարությունը պետք է պատրաստի օրինագիծ, որը կարող է ընդունվել մինչև հուլիսի 17-ի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի ավարտը։

Source: https://news.am/hy/news/1042054