Եվրոպական առաջնորդները պատրաստ են առաջատար դեր ստանձնել Ուկրաինայում լայնամասշտաբ հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններում։ Դրա մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է Politico-ն։
«Իմ կարծիքով, նոր տարրն այն է, որ այս գործընթացն այժմ Եվրոպայում նոր թափ է հավաքում,- նշել է Մերցի մամուլի քարտուղար Ստեֆան Կորնելիուսը՝ մեկնաբանելով կիրակի ուշ երեկոյան Լոնդոնում անցկացված Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպման արդյունքները։- Եվս մեկ կարևոր փոփոխություն է այն, որ մենք ձեռքներս ենք վերցնում և շարունակում բանակցային գործընթացը, որը մինչ այդ հիմնականում ղեկավարում էր ԱՄՆ-ը։ Մենք դա անում ենք Վաշինգտոնի հետ սերտ համակարգմամբ»։
Կիրակի հրապարակված համատեղ հայտարարության մեջ Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի նրա գործընկերները՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ, կոչ են արել «ուղիղ երկխոսություն սկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ», ինչպես նաև ձևակերպել են խաղաղության հասնելու հինգ պայմաններ, ներառյալ՝ անհապաղ և ամբողջական հրադադարը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ բանակցությունների համար մեկնարկային կետ պետք է դառնա ռուսական և ուկրաինական ուժերի միջև առկա շփման գիծը, իսկ Ուկրաինան պետք է ստանա անվտանգության «հուսալի և իրավաբանորեն պարտադրող» երաշխիքներ։ Ռուսական ակտիվները պետք է մնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը «չի դադարեցրել ռազմական գործողությունները և չի փոխհատուցել Ուկրաինային հասցված վնասը»։
Ըստ Կորնելիուսի՝ եվրոպական առաջնորդները կշարունակեն հնարավոր խաղաղ բանակցությունների վերաբերյալ իրենց մոտեցումների քննարկումը Էվիանում անցկացվելիք «Մեծ յոթնյակի» (G7) հանդիպմանը, ինչպես նաև հաջորդ շաբաթ Բրյուսելում անցկացվելիք Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։
Source: https://news.am/hy/news/1042091