Ամերիկյան զինվորականները Պենտագոնից պարզաբանումներ են ակնկալում Եվրոպայում զորքերի թվաքանակի փոփոխության վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հակասական հայտարարություններից հետո: Associated Press-ի՝ պաշտպանական գերատեսչության աղբյուրների տվյալներով՝ այդ վարանումները խախտում են զինծառայողների ծրագրերը և կարող են միլիոնավոր դոլարներ արժենալ հարկատուների համար:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները շփոթմունքի մեջ հայտնվեցին, երբ մայիսին Թրամփը հայտարարեց Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին՝ ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ հրահանգել էր նույնքան զինվոր դուրս բերել Եվրոպայից՝ Իրանում պատերազմի վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Ընդ որում, Սպիտակ տունը պնդում է, որ զորակազմի կրճատումը նախապես էր ծրագրված:

Թրամփը սոցցանցերում Լեհաստան զորք ուղարկելու մասին հայտնել էր հենց այն օրը, երբ Պենտագոնը պաշտոնապես չեղարկեց այնտեղ ուղևորվող ստորաբաժանումների պլանային ռոտացիան:

1-ին հեծելազորային դիվիզիայի 2-րդ զրահատանկային բրիգադային մարտական խմբի տեխնիկան արդեն ճանապարհին էր, ինչը ԱՄՆ Տրանսպորտային հրամանատարության վրա նստել է 32 միլիոն դոլար: Կուրսի կտրուկ փոփոխության պատճառով զինվորականները ստիպված են լինում քաղաքականությունը «հետադարձ ուժով հարմարեցնել» նախագահի հայտարարություններին:

Այդ իրավիճակը ոչ միայն անհանգստացնում է եվրոպական դաշնակիցներին, այլև խարխլում է ամերիկացի զինվորների մարտական ոգին, որոնց ռոտացիաները չեղարկվում են մեկնումից կարճ ժամանակ առաջ:

Բացի դրանից, դա խորացնում է ԱՄՆ բանակի ֆինանսական խնդիրները, որի բյուջետային դեֆիցիտը գնահատվում է 2-6 միլիարդ դոլար՝ Մեքսիկայի հետ սահմանի պահպանությանը մասնակցության, Ազգային գվարդիայի առաքելությունների և Իրանում պատերազմի պատճառով:

Միջոցների սղության պատճառով Բանակն արդեն ստիպված է կրճատել կադրերի պատրաստման ծրագրերն ամբողջ երկրում և կրճատել Եվրոպայում ոչ մարտական վարժանքների ծախսերը:

Source: https://news.am/hy/news/1041281