«Շերեմետևո» օդանավակայանում ընդլայնվել է բիոմետրիկ (կենսաչափական) համակարգի կիրառման շրջանակը։ Այսուհետ «Աերոֆլոտ» և «Ռոսիա» ավիաընկերությունների ներքին չվերթների բոլոր ուղևորները կարող են չվերթի գրանցումն ու նախաթռիչքային ստուգումն անցնել այս համակարգով։ Այս մասին, ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, տեղեկացրել է օդանավակայանի հանրային կապերի գծով տնօրեն Աննա Զախարենկովան։

Այս նորամուծությունից ուղևորները կարող են օգտվել հունիսի 1-ից։ Զախարենկովայի խոսքով՝ ներքին բոլոր ուղղություններով հասանելի է ինչպես չվերթի ինքնուրույն գրանցումը, այնպես էլ ուղեբեռի հանձնումը։ Իսկ ինչ վերաբերում է դեպի նստեցման գոտի անցմանը, ապա այն առայժմ գործում է B տերմինալից մեկնող «Աերոֆլոտի» ներքին չվերթների ուղևորների համար։ Բացի այդ, բիոմետրիկ համակարգեր են տեղադրվել նաև նստեցման առանձին ելքերի մոտ։

«Այս շաբաթ բիոմետրիկ նույնականացման և չվերթի անցման ծառայությունից արդեն օգտվել են դեպի Կալինինգրադ, Սամարա, Եկատերինբուրգ և Միներալնիե Վոդի մեկնող ուղևորները»,— «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Աննա Զախարենկովան։

Երկուշաբթի օրվանից «Շերեմետևո» և Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայաններում գործարկվել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս երկու քաղաքների միջև «Աերոֆլոտի» չվերթների ուղևորներին նստեցումն անցնել բիոմետրիկ տվյալներով։ Այս ծրագիրն իրականացվում է փորձնական հիմունքներով և կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը։ Տեխնոլոգիայից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցել տվյալները Միասնական բիոմետրիկ համակարգում։ «Վնուկովո» օդանավակայանից հայտնել են, որ հնարավոր է միանան այս փորձնական ծրագրին։

Source: https://news.am/hy/news/1041391