ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, Ինդիանա նահանգը ներկայացնող հանրապետական Սթիվեն Բայերին, ով ավելի վաղ դատապարտվել էր ինսայդերական առևտրի (ներքին գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ գործարքների) գործով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Բայերը մեղավոր էր ճանաչվել 2023 թվականի մարտին՝ արժեթղթերի հետ կապված խարդախության չորս դրվագով։ Դատարանը պարզել էր, որ 2018 թվականին, աշխատելով որպես խորհրդատու, նա օգտագործել է T-Mobile և Sprint ընկերությունների սպասվող միաձուլման մասին կոնֆիդենցիալ տեղեկատվությունը և բաժնետոմսերով գործարքներ արել նախքան այդ մասին պաշտոնապես հայտարարելը։
Ըստ մեղադրական գործի նյութերի՝ Բայերն ավելի քան 100 հազար դոլարի եկամուտ էր ստացել Sprint-ի բաժնետոմսերով գործարքներից և ևս 200 հազար դոլարից ավելի՝ Navigant Consulting ընկերությունում կատարած ներդրումներից (նախքան 2019 թվականին դրա կլանումը)։
2023 թվականի սեպտեմբերին նա դատապարտվել է 22 ամսվա ազատազրկման։ Իսկ 2026 թվականի մայիսին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նրա բողոքարկման դիմումի քննարկումը։
Սպիտակ տան հրապարակած ներման հրամանագրում որոշման մանրամասն հիմնավորում չկա։ Փաստաթղթում միայն նշվում է, որ նախագահը հաշվի է առել Կոնգրեսի 52 գործող և նախկին անդամների «երաշխավորագրերը», ինչպես նաև ընդգծվում է բանակում և Կոնգրեսում Բայերի ծառայությունը։
Բայերը Ներկայացուցիչների պալատի անդամ է եղել 1993-2011 թվականներին, իսկ ավելի ուշ աշխատել է որպես կորպորատիվ խորհրդատու։ Նա նաև եղել է 1999 թվականին նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի գործընթացում Ներկայացուցիչների պալատի կողմից հանդես եկող մեղադրողների խմբի (մենեջերների) կազմում։
Source: https://news.am/hy/news/1041374