Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր երկրի բարօրության համար աշխատում է այնպես, «որ նույնիսկ թշնամիներն են նախանձում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հերքելով տեղեկություններն այն մասին, թե նախարարը ցանկանում է հրաժարական տալ, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Զախարովայի խոսքով՝ նախարարի հնարավոր հեռացման մասին լուրերը ոչ բարեկամական ուժերի կողմից արված սադրիչ հերյուրանքներ են։

«Խնդրում եմ Ձեզ, նա մեծ դիվանագետ է ու ղեկավար։ Աշխատում է իր ղեկավարի հանձնարարությամբ՝ ի բարօրություն իր երկրի»,— 360.ru պորտալին ասել է Մարիա Զախարովան։

Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի մարտի 9-ից։

2025 թվականի նոյեմբերին Financial Times (FT) պարբերականը պնդում էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է արտգործնախարարի նկատմամբ իր վերաբերմունքը, և իբր այդ պատճառով նախարարը կորել է տեղեկատվական դաշտից։

Կրեմլից, սակայն, հորդորել էին ուշադրություն չդարձնել նման պնդումներին և վստահեցրել էին, որ Լավրովը շարունակում է «ակտիվորեն աշխատել»։

Source: https://news.am/hy/news/1041400