Մենք լսում ենք ռուսաստանցի պատգամավորների, տարբեր մեդիաների ներկայացուցիչների և փորձագետների, որոնք պատերազմ են հայտարարել Հայաստանի ինքնիշխանությանը և անընդհատ միջամտում են Հայաստանի ներքին գործերին։ Դրա մասին հունիսի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք ամեն օր և ամենուր բախվում ենք հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ահռելի քանակությամբ ապատեղեկատվության և հանրային կարծիքի մանիպուլյացիաների, որոնց մի մասը գեներացվում է Հայաստանի ներսում՝ քաղաքական և փորձագիտական համայնքի կողմից, իսկ մյուս մասը՝ արտերկրից, այդ թվում՝ զգալի մասը՝ Ռուսաստանից»,- նշել է Միրզոյանը։

Միաժամանակ նա հավելել է, որ բոլոր այդ հարցերը պետք է լուծվեն կառուցողական, աշխատանքային, գործընկերային միջավայրում։ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանին և Ռուսաստանին սպասվում են նորմալ, գործընկերային հարաբերություններ։

Source: https://news.am/hy/news/1040420