ԱՄՆ սենատում լսումների ժամանակ հունիսի 2-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատասխանելով հանրապետական սենատոր Սթիֆ Դեյնսի հարցին, թե ինչպես է իրականացվելու ԹՐԻՓՓ-ի շրջանակային համաձայնագիրը, և ի՞նչ օգուտներ է ԱՄՆ-ը ստանալու դրա իրագործումից տարածաշրջանում, ասել է, որ այդ ծրագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է և կարող է ամբողջությամբ վերափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանային առևտրի կենտրոնական հաբ։ Դա, Ռուբիոյի խոսքով, նաև լուծում է Ադրբեջանին մտահոգող Նախիջեւանի հասանելիության խնդիրը։

Ուշագրավ է, որ Ռուբիոն այդ ընթացքում ԹՐԻՓՓ-ի մասին խոսելիս մի քանի անգամ օգտագործել է «միջանցք» բառը։

«Ստորագրված համաձայնագիրը մեզ թույլ է տալիս խթանել մասնավոր ներդրումներն այս միջանցքում ի նպաստ ամերիկյան ընկերությունների և ամերիկյան շահերի, ինչպես նաև ի նպաստ Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանային այլ երկրների։ Խաղաղությունը միայն սկիզբն է, կարևորը դրա ընձեռած տնտեսական հնարավորություններն են։ Իհարկե, կան ամերիկյան ընկերություններ և ամերիկացի աշխատողներ, որոնք կշահեն դրանից, բայց այս միջանցքի բացման վերջնական շահառուն լինելու է հայ ժողովուրդը»,- ասել է Ռուբիոն։

Source: https://news.am/hy/news/1040831