Հայաստանից մրգի և բանջարեղենի արտահանողները Կառավարությունից ամբողջական փոխհատուցում կստանան դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա ներմուծման մաքսատուրքերի համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 4-ի նիստում։

Նախագիծը ներկայացնելիս էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը հիշեցրել է, որ Կառավարությունն այս փոխհատուցումը տրամադրում է 2025 թվականի փետրվարից, սակայն մինչ այժմ այն վերաբերում էր միայն վերամշակող արդյունաբերությանը։ Այսուհետ աջակցության ծրագրից կօգտվեն նաև թարմ միրգ ու բանջարեղեն արտահանողները։

Փոխնախարարը հստակեցրել է, որ այս որոշումը չի չեղարկում այսօր ընդունված մեկ այլ օժանդակության ծրագիր, որով ջերմոցային լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտադրողներին աջակցություն է տրամադրվում այլընտրանքային շուկաներ դուրս գալու համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի սահմանած արգելքները։

Իր հերթին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Եվրամիության հետ ներկայումս քննարկվում է մաքսատուրքերի հարցում հայ արտադրողներին արտոնություններ տրամադրելու հնարավորությունը։

Source: https://news.am/hy/news/1040841