ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը Իրանի հետ խաղաղ բանակցությունների ֆոնին՝ հայտարարելով, որ Հորմուզի նեղուցի բացումը միայն «նախապայման» է լիարժեք երկխոսություն սկսելու համար։

Երեքշաբթի հանդես գալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի առջև՝ Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում։

«Նրանք պետք է շատ հստակ հայտարարեն՝ նեղուցները բաց են, մենք ոչ մի տուրք չենք գանձում, մենք օգնում ենք հեռացնել այնտեղ իրենց տեղադրած ականները, և նրանք չեն հարձակվելու նավերի վրա»,- ասել է Ռուբիոն։

Նա հավելել է, որ այս պայմանը «նախապայման» է, որը ճանապարհ է հարթում դեպի բանակցությունների երկրորդ փուլ։

«Երկրորդ փուլն այն է, որ նրանք պետք է համաձայնեն շատ կոնկրետ բանակցությունների՝ բարձր հարստացված ուրանի ճակատագրի շուրջ, որը, ամենայն հավանականությամբ, թաքցված է ինչ-որ տեղ գետնի տակ՝ լեռան խորքում»,- շարունակել է նա։

Ըստ Ռուբիոյի՝ հետագայում Իրանը ստիպված կլինի համաձայնել նաև իր միջուկային ծրագրի երկարաժամկետ սահմանափակումներին։

Source: https://news.am/hy/news/1040365