Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով առաջացած վառելիքի խափանումներն արդեն տարածվել են Ռուսաստանի առնվազն 15 քաղաքների վրա, ներառյալ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։ Այս մասին հայտնում է «7×7» պարբերականը։ Բացի այդ, բենզինի գնման սահմանափակումներ են մտցվել Ուկրաինայից բռնակցված հինգ շրջաններում։ Լցակայաններում ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզինի բացակայությունից մայիսի վերջին առաջինը սկսել են դժգոհել Ռյազանի բնակիչները։ Դրանից կարճ ժամանակ առաջ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել էին «Ռոսնեֆտ»-ի Ռյազանի նավթավերամշակման գործարանին, որը երկրի խոշորագույններից մեկն է։ Մայիսին լցակայաններում վառելիքի պակասի մասին սկսել են հայտնել նաև բռնակցված Ղրիմի բնակիչները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերի դրոնները փակել են դեպի թերակղզի տանող ցամաքային ճանապարհը։ Այնտեղ մեկ անձին սկսել են տալ առավելագույնը 20 լիտր ԱԻ-95 տեսակի բենզին։
Սևաստոպոլում օկուպացիոն իշխանությունները նույնպես սկզբում սահմանափակել են բենզինի վաճառքը (մեկ անձին առավելագույնը 20 լիտր) և կտրոններ են մտցրել դիզելային վառելիքի համար, իսկ այնուհետև հայտարարել ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզինի «ժամանակավոր» բացակայության մասին։ Հունիսի սկզբին վառելիքի գնման սահմանափակումները հասել են Նոր Մոսկվա։ Քաղաքային լցակայաններում «մինչև հաջորդ կարգադրությունները» դադարել են մեկ անձին 60 լիտրից ավելի բենզին (և 100 լիտրից ավելի դիզվառելիք) վաճառել։ Դրանից կարճ ժամանակ առաջ նմանատիպ սահմանափակումներ են հայտնվել նաև Սանկտ Պետերբուրգի լցակայաններում։ Բացի այդ, հունիսի սկզբին վառելիքի բացթողման սահմանափակումներ են սահմանվել «Ռոսնեֆտ»-ի և «Տատնեֆտ»-ի լցակայաններում Կուրսկի, Բելգորոդի և Պսկովի մարզերում։
Նախօրեին հայտնի է դարձել, որ վառելիքի խափանումների են բախվել նաև Մոսկվայի մարզում։ ОРТК ցանցը մայիսի 30-ից մեկ մեքենայի համար բաց է թողնում առավելագույնը 60 լիտր բենզին և ոչ ավելի, քան 100 լիտր դիզվառելիք։ «Գազպրոմ»-ն ու «Լուկօյլ»-ը սահմանել են 100-150 լիտրի սահմանաչափ։
Ճգնաժամը համակել է նաև հյուսիսային ու հյուսիսարևմտյան տարածաշրջանները։ Նովգորոդի մարզի բնակիչները տեղական սոցիալական էջերում հայտնում են բենզինի վաճառքի մինչև 20 լիտր սահմանափակումների մասին։ Մեկնաբանություններում հիմնականում հիշատակվում են «Սուրգուտնեֆտեգազ»-ի լցակայանները։ Բացի այդ, «մինչև հաջորդ խմբաքանակի ստացումը» ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել Կարելիայի որոշ լցակայաններ։ Տարածաշրջանային արդյունաբերության և առևտրի նախարարությունում դա կապել են ամառային արձակուրդների սեզոնի մեկնարկով պայմանավորված վառելիքի պահանջարկի կտրուկ աճի հետ։ Խափանումներ են առաջացել նաև Մուրմանսկի մարզում. «Մի շարք լցակայաններում բենզինն ու դիզվառելիքը վերջացել են… իրավիճակը բարդ է»,- պատմում են տեղաբնակները։
Մոսկվայից դեպի հարավ նույնպես սրվում են վառելիքի հետ կապված դժվարությունները։ Վորոնեժի մարզի Շիլովո ավանում բնակիչները չեն կարողացել բենզին գնել լցակայանից. փակցված հայտարարության մեջ նշված է, որ մատակարարման խափանումների պատճառով ԱԻ-95 տեսակի բենզին չի լինելու «մինչև ամսվա վերջ»։ Օրյոլի մարզում էլ դադարել են մետաղական կոնստրեներով բենզինի բացթողումը։
Նմանատիպ սահմանափակման մասին հայտնել են նաև Կրասնոյարսկի բնակիչները. «Ռոսնեֆտ»-ի լցակայաններում տեղեկացրել են մայիսի 29-ից մտցված սահմանափակումների մասին։ Նույն արգելքը գործում է նաև հարևան Տոմսկի մարզի լցակայաններում. ամառանոցային սեզոնի թեժ պահին մարդիկ չեն կարողանում լիցքավորել բենզինային գեներատորներն ու մոտոբլոկները։ Խափանումներ են առաջացել նաև Կամչատկայի Կորյակյան օկրուգում. իշխանությունները սահմանափակումները հիմնավորել են պահեստում վառելիքի պաշարները «մինչև հաջորդ տարի ձմեռային ճանապարհի բացվելը» պահպանելու անհրաժեշտությամբ։
Բացի այդ, բենզինի վաճառքի սահմանաչափեր են սահմանվել Ուկրաինայի ևս երեք օկուպացված տարածքներում՝ Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։ «ԼԺՀ» օկուպացիոն իշխանությունները հայտնել են վառելիքի «դեֆիցիտի առաջացման ռիսկի» մասին։
Չնայած խորացող ճգնաժամին՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ վառելիքի շուկայում իրավիճակը կայուն է։
Source: https://news.am/hy/news/1040885