ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Ներկայացուցիչների պալատի որոշումը, որը կողմ է քվեարկել Իրանի հետ շարունակվող բանակցությունների ֆոնին իր ռազմական լիազորությունների սահմանափակմանը։
Truth Social սոցիալական ցանցի իր էջում Թրամփը հայտարարել է, որ քվեարկությունը տեղի է ունեցել այն պահին, երբ իր վարչակազմը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հակամարտության դադարեցմանն ուղղված բանակցությունների եզրափակիչ փուլում։
«Երեկ Ներկայացուցիչների պալատը՝ չորս վատ հանրապետականներ և բոլոր դեմոկրատները, անիմաստ քվեարկությամբ կողմ են արտահայտվել իմ ռազմական լիազորությունների սահմանափակմանը՝ հենց այն բանից հետո, երբ ես գտնվում եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատերազմը դադարեցնելու շուրջ եզրափակիչ բանակցությունների կիզակետում։ Ո՞վ կարող էր այսքան անհայրենասեր վարվել։ Նրանք գիտեն, թե ինչ փուլում են գտնվում բանակցությունները»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև մեղադրել է դեմոկրատներին այն բանում, որ նրանց քայլերը թելադրված են ոչ թե ազգային շահերով, այլ քաղաքական հակամարտությամբ։
«Դեմոկրատները տարված են «Թրամփի հանդեպ ատելության համախտանիշով»։ Նրանք ավելի շուտ կնախընտրեն, որ մեր երկիրը ձախողվի, քան թույլ տան ինձ տանել իմ բազմաթիվ հաղթանակներից ևս մեկը»,- հայտարարել է նա։
Ամերիկյան առաջնորդն առանձնակի քննադատության է ենթարկել Հանրապետական կուսակցության այն չորս ներկայացուցիչներին, որոնք աջակցել են այս նախաձեռնությանը։
«Ինչ վերաբերում է այդ չորս հանրապետականներին, ապա դա արդեն բոլորովին այլ պատմություն է։ Նրանք պարզապես ցուցամոլներ են։ Նրանք պետք է ամաչեն իրենց արարքի համար»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ռազմական ուժի կիրառման հարցում նախագահի լիազորությունների սահմանափակմանն ուղղված նախաձեռնությանը։
Source: https://news.am/hy/news/1040907