Քուվեյթը հինգշաբթի օրը հայտարարել է երկրի օդային տարածքում ավիահաղորդակցության բնականոն ռեժիմին վերադառնալու մասին: Օդային տարածքը ժամանակավորապես փակվել էր Քուվեյթի տարածքում գտնվող ամերիկյան օբյեկտներին Իրանի հասցրած հարվածների պատճառով։

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է Քուվեյթի օդային տարածքում շարժի կարգավորման մասին՝ այն հանգամանքների հարթումից հետո, որոնք հիմք էին հանդիսացել նախորդ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման համար»,- ասված է գերատեսչության X սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Վերականգնվել է նաև Քուվեյթի միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը. ինքնաթիռների ընդունումն ու մեկնումն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի։

Ըստ հաղորդագրության՝ իշխանությունները վերահսկում են իրավիճակը և շուրջօրյա կապի մեջ են տեղական ու միջազգային կառույցների հետ՝ երկրի երկնքում առավելագույն անվտանգություն երաշխավորելու համար։

«Քաղաքացիական ավիացիայի վարչությունը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը, անհապաղ կգնահատի ցանկացած փոփոխություն և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը հարձակվել են Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասխան Իրանին հասցված ԱՄՆ հարվածների։

«ԻՀՊԿ օդատիեզերական և ռազմածովային ուժերը իրականացրել են գործողությունների երկու ալիք՝ հարվածներ հասցնելով և ամերիկյան 18 առանցքային ռազմական թիրախներ ոչնչացնելով Ալ-Սալեմ, Ահմադ ալ-Ջաբեր (Քուվեյթում - ԻՖ) և Շեյխ Իսա ավիաբազաներում»,- հայտնել է «Press TV» հեռուստաալիքը։

Source: https://news.am/hy/news/1042750