«Փարոս» համակարգում 2017-ին ընդգրկված է եղել 100 հազար ընտանիք, 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ 46 հազար ընտանիք. այսինքն՝ թիվը 54,1 տոկոսով կամ 2,2 անգամ պակասել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Սա, իհարկե, նաև ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաև տեսնում ենք մեր գործընկերների՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերից:

Մենք գիտենք, որ վերջին տարիների ցուցանիշն իջել է, ինչպես նաև տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ՝ նույն գործազրկության թվերի անկումը, միջին աշխատավարձի բարձրացումը, աշխատատեղերի թվի բարձրացումը, այսինքն՝ այդ բոլորը խոսում են նույն պրոցեսի մասին»,- ասել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի. «Շատ ուրախ եմ, որ մենք ոչ մի քաղաքական նկատառումով չենք դանդաղեցրել և չենք կանգնեցրել այդ գործընթացը։ Այս բարեփոխումն ունի շատ կարևոր գաղափարախոսական և հայեցակարգային նշանակություն, որովհետև մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք և համաձայնության հասնենք ՀՀ-ում կյանքի միջին վիճակագրական մոդելի հարցում։ Կրթություն, աշխատանք, բարեկեցություն՝ սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի»:

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ անապահովության գնահատման համակարգն առաջին հերթին անապահովությունը հաղթահարելու աջակցություն է։ «Մենք ոչ մեկին աջակցելուց չենք հրաժարվում և չենք էլ հրաժարվի երբեք։ Սակայն այս տրամաբանությունը պետք է գործի՝ պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդն ուժեղացնում է պետությանը», -ընդգծել է վարչապետը։

Source: https://news.am/hy/news/1042831