Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) հունիսի 11-ի գիշերը հարվածներ են հասցրել Խերսոնի մարզը Ղրիմին կապող չորս կամուրջների։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ կան վնասվածքներ։ Մասնագետները հետազոտություն են անցկացնում և ճշտում կոնստրուկցիաների վիճակը»,- հայտնել է օկուպացված Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կողմից նշանակված «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն։ Նա հստակեցրել է, որ հարվածների են ենթարկվել Պրեոբրաժենկայի և Միրնոյի շրջանում Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի վրայով անցնող կամուրջները, Պերեկոպ-Արմյանսկ ուղղության ավտոմոբիլային կամուրջը, ինչպես նաև Ստավկի բնակավայրի շրջանի կամուրջը։
Սալդոյի տվյալներով՝ ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը Խերսոնի մարզի օկուպացված հատվածի երկնքում խոցել են ուկրաինական 45 անօդաչու թռչող սարք։ «Հակառակորդը փորձում է հարվածները կենտրոնացնել տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ»,- նշել է նա և խոստացել ավելի ուշ հստակեցնել վնասված կամուրջներով երթևեկության վերականգնման ժամկետները։ Նախորդ օրը ՈւԶՈւ-ն հարվածել էր Գենիչեսկը Ղրիմի Արբատյան սլաքին կապող գետանցին։ Հունիսի 9-ին ուկրաինական բանակը գրոհել էր Չոնգարի կամուրջը, ինչից հետո դրանով երթևեկությունը դադարեցվել էր։ Դրանից երկու օր առաջ այս կամուրջը նույնպես ենթարկվել էր ուկրաինական հարձակման։
Մայիսին Ուկրաինայի զինված ուժերն ուժգնացրել են օկուպացված տարածքներում ռուսական լոգիստիկայի ուղղությամբ հասցված հարվածները։ Ամսվա վերջին ուկրաինական անօդաչուներն ըստ էության իրենց վերահսկողության տակ են վերցրել Ռոստովից Մարիուպոլով և Մելիտոպոլով դեպի Ղրիմ տանող «ցամաքային միջանցքը»՝ Р-280 «Նովորոսիա» ֆեդերալ մայրուղին։ OSINT-վերլուծաբան Կլեմենտ Մոլինի հաշվարկներով՝ մայիսի չորս շաբաթների ընթացքում այդ ավտոճանապարհին խոցվել է շուրջ 125 բեռնատար։
Հունիսի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՈւԶՈւ-ն հնարավորություն է ստացել «հարվածներ հասցնել ռուսական ռազմական լոգիստիկային գրեթե բոլոր ժամանակավորապես օկուպացված տարածքներում»։ Նրա խոսքով՝ դա նախևառաջ «արտահայտվում է Ղրիմում և օկուպացված մյուս շրջաններում վառելիքի դեֆիցիտով»։
Այս ֆոնին Ղրիմում վառելիքային ճգնաժամ է սկսվել։ Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները բենզինի վաճառքի սահմանափակումներ են մտցրել (մեկ անձին ոչ ավելի, քան 20 լիտր), ինչպես նաև կտրոնների համակարգ։ Այդուհանդերձ, իրավիճակը շարունակել է վատթարանալ։ Արդյունքում, հունիսի 4-ին Ղրիմում ամբողջությամբ դադարեցվել է կանխիկ դրամով բենզինի ազատ վաճառքը։
Source: https://news.am/hy/news/1042784