ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Alibaba Group Holding Ltd., BYD Co. և Baidu Inc. կորպորացիաները ներառել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակին աջակցություն ցուցաբերող ընկերությունների ցանկում։ Համապատասխան փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է ԱՄՆ Դաշնային ռեեստրում՝ թարմացնելով գերատեսչության գոյություն ունեցող ցուցակը։

Այս հայտարարության ֆոնին Alibaba Group-ի բաժնետոմսերն ընկել են 0,5%-ով, ավտոհսկա BYD-ի արժեթղթերը նույնպես նվազել են 0,5%-ով, իսկ Baidu-ի գնանշումները գահավիժել են 2,3%-ով։ Էլեկտրամոբիլների արտադրող NIO ընկերության բաժնետոմսերը, որոնք սակարկությունների սկզբում աճում էին ավելի քան 2%-ով, լուրի հրապարակումից անմիջապես հետո կորցրել են ձեռք բերած առավելության մի մասը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության այս սև ցուցակում արդեն իսկ ընդգրկված են չինական այնպիսի խոշորագույն հսկաներ, ինչպիսիք են՝ «Huawei»-ը, «Tencent»-ը, DJI-ը, TP-Link-ը, Unitree-ն, Hikvision-ը, CATL-ը, WuXi AppTec-ը, China Mobile-ը, China Telecom-ը, China Unicom-ը, COSCO Shipping-ը, China State Shipbuilding-ը, Norinco-ն, CNOOC-ը, China Three Gorges-ը։

ԱՄՆ ռազմական գերատեսչությունն իր որոշումը հիմնավորել է Չինաստանի պետական կառույցների հետ այս ընկերությունների ուղղակի կամ անուղղակի կապերի առկայությամբ։ Դրանց թվում նշվել են Պետական գույքի վերահսկողության և կառավարման պետական կոմիտեն (SASAC), Արդյունաբերության և տեղեկատվայնացման նախարարությունը, Պաշտպանական գիտության, տեխնիկայի և արդյունաբերության պետական վարչությունը (SASTIND), անմիջապես չինական բանակը, Ժողովրդական զինված ոստիկանությունը, ինչպես նաև Չինաստանի անվտանգության և իրավապահ մարմինները։

Բացի դրանից, Պենտագոնը մատնանշել է «ռազմա-քաղաքացիական միաձուլման» Չինաստանի ազգային ռազմավարության շրջանակում ինտեգրման գործոնները։ Խոսքը վերաբերում է ընկերությունների կողմից պետական «Փոքր հսկա» (Little Giant) կամ «Միանձնյա առաջատար» (Single Champion) կարգավիճակներ ունենալուն, հատուկ ռազմա-քաղաքացիական արդյունաբերական գոտիներում դրանց տեղակայվածությանը, ռազմական արտադրանքի թողարկման արտոնագրեր տնօրինելուն կամ Չինաստանի կառավարության գիտա-արդյունաբերական ծրագրերի շրջանակում սուբսիդիաներ ստանալուն, որոնք կապված են ռազմական պլանավորման հետ։

Source: https://news.am/hy/news/1042136