Երկուշաբթի Իսրայելը պատրաստվում էր լայնամասշտաբ հարված հասցնել Թեհրանին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և համոզել նրան ձեռնպահ մնալ հետագա պատասխան հարձակումներից։ Դրա մասին CNN-ին հայտնել են իրավիճակին ծանոթ իսրայելական մի աղբյուր և ամերիկյան մի պաշտոնյա։
Ըստ ամենայնի՝ ամերիկյան առաջնորդի միջամտությունն ունեցել է իր ազդեցությունը։ Այդ զրույցից կարճ ժամանակ անց Նեթանյահուն հրապարակավ հայտարարել է, որ Իսրայելը տվյալ փուլում դադարեցնում է հարվածները Իրանին։
Այդ հեռախոսազրույցն արդեն երկրորդն էր Թրամփի և Նեթանյահուի միջև վերջին մի քանի ժամվա ընթացքում։ Նախորդ զրույցի ժամանակ ևս Թրամփը իսրայելական առաջնորդից պահանջել էր հրաժարվել զանգվածային հարվածներից։
Ինչպես նշում է իսրայելական աղբյուրը, առաջին զանգի ժամանակ, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով, Նեթանյահուն դիմադրել է ճնշմանը։ Նա պնդել է, որ Իսրայելը պարտավոր է պատասխանել իրանական ագրեսիային։ Ի պատասխան՝ Թրամփը Նեթանյահուից պահանջել է առավելագույնս սահմանափակել այդ հարձակման մասշտաբները՝ անվերահսկելի լարվածության սրացումից խուսափելու համար։
Այդ զրույցից հետո Իսրայելը թիրախային հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ներառյալ՝ խոշոր նավթաքիմիական համալիրին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ և Իսրայելի առաջնորդների վերջին զրույցների տոնայնությունն այնքան լարված չի եղել, որքան անցյալ շաբաթ, երբ երկու քաղաքական գործիչների բանակցությունները ձախողվել էին, և Թրամփն անցել էր Նեթանյահուի հասցեին ուղղակի վիրավորանքների։
Երկու վերջին զրույցներում էլ Թրամփն առանձնահատուկ ընդգծել է իր համոզմունքն այն մասին, որ Իրանի հետ համաձայնագիրը համաձայնեցման եզրափակիչ փուլում է, իսկ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է տապալել հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը։
Source: https://news.am/hy/news/1042146