Թեհրանը «սկզբունքային խնդիրներ չունի» ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցությունների առաջմղման հարցում՝ պայմանով, որ Իրանը վստահ լինի ամերիկյան կողմի ազնվության և անկեղծության մեջ։ Դրա մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Ընդսմին, նա զգուշացրել է, որ հակամարտող պետությունների միջև ցանկացած հնարավոր համաձայնագիր ուղղակիորեն կախված է խոր փոխադարձ անվստահության պայմաններում ԱՄՆ-ի վարքագծի փոփոխությունից։
«Եթե մենք կարողանանք վստահություն ձեռք բերել, որ նրանք բանակցող մարդիկ են և ենթարկվում են նաև բանակցային գործընթացի կանոններին, Իսլամական Հանրապետությունը քննարկումներ վարելուն առնչվող ոչ մի խնդիր չի ունենա»։
Ազիզին հավելել է, որ Թեհրանում համոզված են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անկեղծ չէ ընթացիկ շփումների ժամանակ, որոնց նպատակն է ժամանակավոր հրադադարը վերածել պատերազմի ավարտի մասին տևական ու մշտական համաձայնագրի։
«Սակայն մենք արդեն բազմիցս ասել ենք, որ բանակցություններին համաձայնել ենք որպես ռազմի դաշտի շարունակություն։ Մենք բանակցային գործընթացը բուն ճակատամարտի մի մաս ենք դիտարկում»,- ընդգծել է իրանցի օրենսդիրը։
Խոսելով երրորդ երկրների միջնորդությամբ ընթացող անուղղակի բանակցություններում պահպանվող տարաձայնությունների մասին՝ Ազիզին նշել է, որ Իրանը «լուրջ կամք չի տեսնում [ԱՄՆ-ի կողմից] այնպիսի շրջանակների մշակման հարցում, որոնք կարող են իրապես կյանքի կոչվել գործնականում»։
Մասնավորապես, բարձրաստիճան պաշտոնյան պնդում է, որ Վաշինգտոնն ի սկզբանե համաձայնել էր ապասառեցնել Իրանի արտասահմանյան սառեցված ակտիվները «գործընթացի հենց սկզբում», սակայն առ այսօր Թեհրանն այդ խոստումը կատարելու ամերիկյան կողմի իրական պատրաստակամություն չի տեսել։ Նա միաժամանակ կրկին ընդգծել է, որ ընթացիկ բանակցությունները որևէ կերպ չեն առնչվում Իրանի միջուկային ծրագրի հարցերին, որը, ինչպես երկար ժամանակ պնդում է Թեհրանը, հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ։
Պատասխանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական խաղաղ համաձայնագրի կնքման հավանականության մասին հարցին՝ Ազիզին հայտարարել է, որ դա ամբողջությամբ կախված է այն արարքներից, որոնք մենք կտեսնենք ընդդիմախոսների կողմից։ «Եթե նման վարքագիծը շարունակվի, մեր պատասխանն է՝ ոչ։ Մենք բացարձակապես ոչ մի վստահություն չունենք [Վաշինգտոնի նկատմամբ]»,- ամփոփել է նա։
Source: https://news.am/hy/news/1042149