Տեխնոլոգիական միլիարդատերերը հարյուրավոր միլիոնավոր դոլարներ են ներդրել նախընտրական արշավում՝ հունիսի 2-ին Կալիֆոռնիայում կայանալիք փրայմերիզներից (նախնական ընտրություններից) առաջ։ Փորձագետները սա անվանում են աննախադեպ փորձ՝ ՏՏ արդյունաբերության կողմից վերահսկողություն հաստատելու նահանգի քաղաքական համակարգի նկատմամբ, որը դարձել է Սիլիկոնյան հովտի տունը, գրում է Guardian-ը։

Տեխնոհսկաները կիրառել են համատարած ծածկման մարտավարություն․ նրանք հովանավորում են բոլոր մակարդակների թեկնածուներին և ֆինանսավորում իրենց համար ցանկալի օրինագծերի առաջխաղացումը, ինչն արդեն իսկ ընթացիկ փրայմերիզների շրջանը դարձրել է Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենաթանկը։ Նպատակն ակնհայտ է՝ ստանալ քաղաքական և կարգավորիչ ազդեցության կոշտ լծակներ, որպեսզի ընդմիշտ ամրապնդեն իրենց տնտեսական գերիշխանությունը։

«Այս գումարները հոսում են այն քաղաքական գործիչների գրպանները, որոնք առաջիկա հինգ տարիներին ձևավորելու են կարգավորիչ օրակարգը», — բացատրում է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի հանրային քաղաքականության պրոֆեսոր Ֆրանչեսկո Տրեբբին։ — «Տնտեսական հզորությունը ծնում է քաղաքական իշխանություն, իսկ քաղաքական իշխանությունն այնուհետև վերածվում է էլ ավելի մեծ տնտեսական կապիտալի։ Այս ցիկլն անվերջ է»։

Կալիֆոռնիայի պետքարտուղարին ներկայացված ընտրարշավների ֆինանսավորման հաշվետվությունների վերլուծությունը բացահայտել է ազդեցության հիմնական կետերը․

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը 2026 թվականի հունվարից ի վեր ծախսել է 82 մլն դոլար (ավելին, քան ցանկացած այլ դոնոր), որպեսզի արգելափակի միլիարդատերերի նկատմամբ արտակարգ հարկի ներդրումը, որը նոյեմբերին դրվելու է համընդհանուր քվեարկության։

Սան Խոսեի քաղաքապետ Մեթ Մեհանը, որը Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվում է նահանգապետի պաշտոնի համար, դարձել է ներգրավված միջոցների ծավալով բացարձակ առաջատարը։ Նրան աջակցել են Google-ի, Amazon-ի, Snap-ի, LinkedIn-ի, Reddit-ի և Palantir-ի թոփ-մենեջերները։

Կրիպտոմագնատ Քրիս Լարսենը 26 մլն դոլար է հատկացրել երեք Super PAC սուպերկոմիտեների՝ Կալիֆոռնիայի ողջ տարածքով արշավներ ֆինանսավորելու համար։ Մասնավորապես, նա 1 մլն դոլար է ուղղել նահանգի ապահովագրության հարցերով հանձնակատարի պաշտոնի իր թեկնածուին աջակցելուն։

Google և Meta կորպորացիաները համատեղ 10 մլն դոլարով ֆինանսավորել են տեղական Super PAC կոմիտե, որպեսզի նահանգի Ասամբլեայում և Սենատում անցկացնեն իրենց հավատարիմ թեկնածուներին։

Սիլիկոնյան հովտի համար քաղաքականության մեջ այս ֆինանսական ներարկումները գոյաբանական բնույթ ունեն։ Արհեստական բանականության ոլորտում սուր մրցավազքի ֆոնին ընկերություններին կենսականորեն անհրաժեշտ են իշխանության մեջ իրենց նկատմամբ լոյալ մարդիկ։ Դա ՏՏ արդյունաբերությանը թույլ կտա զարգանալ խելահեղ արագությամբ՝ խուսափելով խեղդող սահմանափակումներից և պետական վերահսկողությունից։

Պրոֆեսոր Տրեբբին հավելում է, որ պաշտոնական հաշվետվություններում արտացոլված գումարները միայն այսբերգի գագաթն են։ Տեխնոլոգիական էլիտան ակտիվորեն օգտագործում է «մութ փողեր» (dark money)՝ հիմնադրամների և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով կատարվող նվիրատվություններ, որոնց վերջնական շահառուներին օրենքով հնարավոր չէ հետևել։

Source: https://news.am/hy/news/1040207