Գեյբ Նյուելը ընդլայնում է իր ներկայությունը համաշխարհային օվկիանոսում։ Միլիարդատիրոջը պատկանող ծովային հետազոտությունների Inkfish կազմակերպությունը պայմանագիր է կնքել նորվեգական Vard նավաշինարանի հետ՝ նոր 162 մետրանոց հետազոտական նավի նախագծման և կառուցման համար, գրում է Robb Report-ը։
Պայմանագրի արժեքը կազմում է մոտ 816 միլիոն դոլար։ Vard-ի ներկայացուցիչների հայտարարությամբ՝ սա նավաշինարանի պատմության մեջ մեկ նավի համար ամենախոշոր պատվերն է, ինչպես նաև նմանատիպ ամենամեծ պայմանագիրը Նորվեգիայի ողջ նավաշինական ոլորտի համար։
RV11000 տեխնիկական անվանումը ստացած նոր նավը մշակվել է Vard-ի սեփական դիզայն-բյուրոյի կողմից՝ Inkfish-ի, YTMC ընկերության և իտալական Fincantieri Group կոնգլոմերատի հետ համագործակցությամբ։ Նավը ստեղծվել է կոնկրետ խնդիրների համար՝ ծովի հատակի քարտեզագրում և խորջրյա հետազոտություններ։ Հիմքում վերցվել է Vard 9 42 մոդելը, իսկ կոնստրուկտիվ լուծումների մի մասը փոխառվել է Inkfish-ի առաջին մասնագիտացված հետազոտական նավից՝ 100 մետրանոց RV6000-ից, որը Vard-ը պետք է պատվիրատուին հանձնի 2028 թվականին։
Գեյբ Նյուելը, որը հեղափոխություն արեց ԱՀ-գեյմինգի ոլորտում Steam հարթակի գործարկմամբ, Valve կորպորացիայի համահիմնադրմամբ և Half-Life-ի նման կուլտային խաղային ֆրանշիզաների ստեղծմամբ, վերջին տարիներին վերածվել է յախտային արդյունաբերության լուրջ խաղացողի։ Նա հիմնել է Inkfish-ը 2021 թվականին, իսկ 2025-ին ամբողջությամբ գնել է հայտնի նիդերլանդական Oceanco նավաշինարանը։ Բացի այդ, ըստ մասնագիտացված SuperYacht Times հրատարակության, Նյուելը հավաքել է սուպերյախտերի տպավորիչ անձնական հավաքածու, ներառյալ Lürssen-ի 78 մետրանոց Rocinante-ը, Damen-ի 72 մետրանոց Game Changer-ը և Oceanco-ի 93 մետրանոց Draak-ը։
RV11000-ը սկզբունքորեն կտարբերվի Inkfish-ի մնացած նավատորմից։ Հսկայի գլխավոր առանձնահատկությունները՝
Ռեկորդային մարտկոցային համակարգ. նավի վրա կտեղադրվի համաշխարհային նավաշինության պատմության մեջ ամենամեծ կուտակիչային համակարգը։ Այն նավին թույլ կտա մինչև 12 ժամ անընդմեջ աշխատել լիակատար լռության ռեժիմում, ինչը չափազանց կարևոր է բարձր ճշգրտության ակուստիկ հետազոտությունների համար։
Խորջրյա սարքավորումներ. նավը կկահավորվի Seasonics ընկերության մասնագիտացված համակարգերով՝ սուզանավերի և չբնակեցված ստորջրյա ապարատների (ROV) իջեցման և բարձրացման համար։ Համալիրը ներառում է կերամասային A-աձև շրջանակ, գիտական ճախարակների համակարգ և մի քանի մասնագիտացված կռունկներ։
«Աշխարհում ոչ մի այլ նավ մեկ հարթակի վրա չի միավորել այսքան լայն շրջանակի նորագույն առաջատար տեխնոլոգիաներ, որը հատուկ ստեղծված է օվկիանոսի ամենախոր կետերում աշխատելու համար», — հավելել է Vard-ի վաճառքի և մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ռունե Ռյոդսեթը։
Գրեթե 28 մետր լայնությամբ (92 ֆուտ) այս օվկիանոսային լևիաթանը կկարողանա հարմարավետորեն տեղավորել մինչև 130 անձնակազմի անդամների և գիտնականների, որոնց մեծ մասը կապրի մեկտեղանի խցիկներում։ Ինտերիերները, որոնք նավաշինարանում անվանում են «բարձրակարգ», ներառում են ընդարձակ ընդհանուր հանգստի գոտիներ, ինչպես նաև ժամանակակից գրասենյակներ, լաբորատորիաներ և արհեստանոցներ։
RV11000 նավի կորպուսը կդրվի և կկառուցվի Vard-ի Ռումինիայում գտնվող գործարանում, իսկ վերջնական ավարտական աշխատանքները, սարքավորումներով համալրումը, գործարկման-նախապատրաստման աշխատանքները և պատվիրատուին հանձնումը կանցկացվեն արդեն Նորվեգիայում։ Մեգանավի հանձնումը նախատեսված է 2030 թվականի սկզբին։
Source: https://news.am/hy/news/1040219
World
Միլիարդատերը 816 մլն դոլար է ծախսում ստորջրյա գաղտնիքները որոնելու համար եզակի նավ կառուցելու վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։