Նախորդ շաբաթվա ընթացքում հունիսի 1–ից արտահանվել է 961 000 հատ ծաղիկ և եթե դիտարկում ենք աշխարհագրությունը, դրանք արտահանվել են Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռումինիա, Բուլղարիա, Լատվիա, Կիպրոս, Նիդերլանդներ և այդպես շարունակ, ցանկը մեծ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջայանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ կառավարության ընդունած որոշմանը, որով սուբսիդավորվեց որոշակի ապրանքների արտահանումը Հայաստանից։
«Քանի որ սրանով նաև նոր համագործակցային կապեր են ստեղծվում և մատակարարման նոր շղթաներ են ձևավորվում, սկզբնական փուլում միգուցե փոքր զսպվածություն լինի քանակների առումով, բայց երկարաժամկետ գործընկերություն է ստեղծվում, այդ թվում նաև հոլանդական ծաղիկների բորսայի հետ, որտեղ աշխատանքներ ենք իրականացնում։ Երեկ արդեն մեկ կազմակերպություն գրանցվել է և ակտիվ կապի մեջ ենք նաև ԱԳՆ–ի հետ և մեր դեսպանության հետ Նիդերլանդներում այդ գործընթացը ավելի արագացնելու և կապը ավելի ամրապնդելու»,–ասաց փոխնախարարը։
Վարչապետ Փաշինյանն էլ նկատեց. «Նիդերլանդների վարչապետը ինձ գրել է նաև անձնական նամակով, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում և իրենք էլ կաջակցեն, որպեսզի մեր տնտեսվարողները խնդիր չունենան։ Խոսքը վարդի շուկայի մասին է, որովհետև ես հիշում եմ, որ նախորդ հոկտեմբերին, երբ տարբեր տեղեր էինք այցելում, անընդհատ մտածում էինք՝ ոնց մեր վարդի ինդուստրիան կոնսոլիդացնենք, որպեսզի հոլանդական շուկաներ հնարավոր լինի հասանելիություն ստանալ։ Բայց ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ և հիմա սա շատ մեծ հնարավորություն է։
Ութ տարի մենք մեր տնտեսվարողներին աջակցում ենք, խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի ապրանքները բերեն ստանդարտի։ Հիմա եկել է այն պահը, որպեսզի մենք հասկանանք՝ ովքեր են այդ հորդորներին և աջակցության ծրագրերին արձագանքել, ովքեր չեն արձագանքել։ Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր արձագանքել են, ընդհանրապես ոչ մի խնդիր չեն ունենալու, իսկ նրանք, ովքեր չեն արձագանքել, իրենք միշտ էլ ունեին այդ խնդիրը։
Այս ընթացքում մենք նաև տրանսպորտային նոր հնարավորություններ ունեցանք, Ախալքալաք – Կարս երկաթուղու երկու գիծն էլ աշխատում են։ Այս թեմայով նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսակցություն ունեցել և նա էլ է հավաստիացրել, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել և նրանք էլ վերահաստատել են, որ այդ ուղղությունները բաց են։
Մենք հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի, էլ չեմ ասում ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շրջանակներում, իհարկե, հնարավորությունները էականորեն կավելանան»։
Փաշինյանը ուրախությամբ նկատեց, որ իրենց այս որոշմանը արձագանքը շատ ավելի արագ էր, քան որևէ մեկը կարող էր սպասել. «Մենք միշտ էլ շուկաները դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատել ենք և դա արդյունք է տալիս։ Հիմա մենք պետք է խթանենք լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, որպեսզի ենթադրենք լոլիկ արտադրողները կարողանան գտնել բանաձև, որ հանդես գան որպես միասնական արտահանող, որովհետև շատ դեպքերում ապրանքի որակի և ապրանք գնելու նկատմամբ կա հետաքրքրություն, բայց երբ բանը հասնում է ծավալներին, պարզվում է, որ մենք ի վիճակի ենք արտադրել նրանց հետաքրքրող ծավալների մի մասը միայ։ Սա կարելի է կոմպենսացնել կոնսոլիդացված մատակարարումներ իրականացնելով։ Մեգացանցեր կան, որոնք հետաքրքրված են, բայց իրեն փոքր ծավալը իրենց համար պրոբլեմ է»։
Source: https://news.am/hy/news/1042762