Ամբողջ Կուբայում սրվող վառելիքային ճգնաժամը ծանր փորձության է ենթարկում հռչակավոր «ալմենդրոնները» (almendrones)՝ ամերիկյան վինտաժային ավտոմեքենաները, որոնք կենսական նշանակություն ունեցող հասարակական տաքսիներ են և մարմնավորում են կղզու բնակիչների հնարամտությունն ու տոկունությունը։

Այս օրերին պաշտամունքային դարձած, շատ վառելիք սպառող այդ անտիկվարային ավտոմեքենաներից շատերը պարապուրդի են մատնված։ Դրանք դարձել են վառելիքի դեֆիցիտի զոհը, որը կաշկանդել է Կուբան [2026 թվականի] հունվարից ի վեր, և ինչի մեջ կուբայական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ի իրականացրած էներգետիկ շրջափակումը, գրում է AP-ն։

Հավանայի արվարձանում գտնվող՝ մոտ 2000 բնակիչ ունեցող Լաս Մինաս քաղաքի գրունտային ճանապարհի վրա կառուցված շլակաբլոկային իր համեստ տան մոտ Դիրիել Վալդեսը վերականգնում է 1951 թվականի արտադրության Chevrolet Deluxe ավտոմեքենան։ Մուգ կարմիր թափքն անվնաս է, և օրիգինալ շարժիչը դեռ աշխատում է։ Սակայն դրա համար բենզին գտնելը բոլորովին այլ կարգի խնդիր է։

Վալդեսն այն հազարավոր կուբացիներից մեկն է, որոնք սպասում են վառելիքի իրենց հերթին էլեկտրոնային գրանցման պետական հավելվածի միջոցով, մի բան, որ շատերի համար դարձել է հենց այն դեֆիցիտի խորհրդանիշը, որը կառավարելու նպատակով ստեղծվել էր։

«Ես գրանցվել եմ փետրվարին... և մինչ օրս գտնվում եմ ինչ-որ տեղ 2800-րդ հերթահամարի շրջակայքում»,- ասում է 27-ամյա կուբացին, որն իր տանը կազմակերպել է թափքի վերանորոգման ավտոարհեստանոց։

Ամիսներ տևած սպասման պարգևը կլինի ընդամենը 20 լիտր բենզինը. մի ծավալ, որը, ըստ Վալդեսի, հազիվ թե բավականացնի պարզապես լողափ գնալ-գալու համար։

Almendrón բառը ծագում է իսպաներեն almendra («նուշ») բառից. կուբացիներն այսպես են անվանել ամերիկյան խոշոր սեդանները՝ դրանց կլորավուն ձևերի պատճառով։ Այդ բոլոր ավտոմեքենաները կղզի են ներկրվել դեռևս մինչև 1959 թվականի կուբայական հեղափոխությունը։

Տասնամյակներ տևած պատժամիջոցները, դեֆիցիտը և ներմուծման խիստ սահմանափակումները կուբացի մեխանիկներին վերածել են իմպրովիզացիայի իրական գրոսմայստերների։ Նրանք փոխում էին շարժիչները, մաս-մաս հավաքում թափքերը և պահեստամասեր գտնում ամենուր, որտեղ միայն հնարավոր էր։

Վերջերս Հավանայում, երբ հերթական բլեքաութը մայրաքաղաքի մեծ մասը ընկղմեց խավարի մեջ, 30-ամյա տաքսիստ Լեոնարդո Դանիել Գոնսալեսը մթության միջով վարում էր իր ընկերոջը պատկանող՝ 1948 թվականին թողարկված վառ մանուշակագույն Chevrolet Fleetmaster-ը։

«Այս ավտոմեքենաները փոխանցվում են սերնդեսերունդ,- պատմում է Գոնսալեսը։- Ես ունեի մեքենա, որը պատկանում էր իմ նախապապին։ Նրանից այն անցավ պապիս, հետո հորս, իսկ հետո՝ ինձ»։

Կուբան ապրում է վերջին տարիների իր ամենամասշտաբային էներգետիկ ճգնաժամերից մեկը։ Բնակչությունը, որն արդեն հյուծված է տասնամյակներ տևող տնտեսական դժվարություններից, այժմ բախվում է էլեկտրաէներգիայի ամենօրյա հովհարային անջատումների հետ, որոնք կղզու որոշ մասերում կարող են տևել օրական մինչև 20 ժամ։

Երկիրն ի վիճակի է ինքնուրույն արտադրել իր սպառած վառելիքի միայն մոտ 40%-ը և խիստ կախված է ներմուծումից՝ իր էլեկտրակայանների և տրանսպորտային ցանցի աշխատանքը պահպանելու համար։

[2026 թվականի] հունվարից Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է պատժամիջոցները Հավանայի դեմ՝ կղզու կոմունիստական ղեկավարության վրա առավելագույն ճնշման իր արշավի շրջանակում։ Թրամփը նաև սպառնացել է պատժիչ մաքսատուրքեր սահմանել այն երկրների դեմ, որոնք նավթ են վաճառում կամ տեղափոխում Կուբա, ինչը փաստացիորեն արգելափակել է Հավանայի համար հումքի գնումները արտաքին շուկաներում։ Այդ ամբողջ ընթացքում միայն մեկ ռուսական լցանավ է կարողացել նավթ հասցնել կղզի։

Լաս Մինասում իր «Շևրոլեի» կողքին կանգնած Վալդեսը խոստովանում է, որ դեֆիցիտը հարվածում է նաև իր եկամտին։ Նա թափքի վերանորոգման արհեստը սովորել է խորթ հորից և դասական ավտոմեքենաների նորոգմամբ զբաղվում է 13 տարեկանից։

«Մարդիկ այլևս չեն ցանկանում մեծ վերանորոգումների մեջ մտնել,- դժգոհում է նա։- Շատերը պարզապես լքել են մեքենաները։ Նրանք մեծ հույսեր չունեն, որ դրանք նորից կերթևեկեն այնպես, ինչպես նախկինում»։

Քանի որ օրինական բենզինն անհասանելի է դարձել, վարորդները ստիպված են դիմել կուբայական սև շուկային։ Այնտեղ վառելիք կարելի է գտնել ավելի արագ, բայց չափազանց բարձր՝ սպեկուլյատիվ գներով, որոնք հասնում են մինչև 8 դոլարի՝ մեկ լիտրի համար։

Օմար Էվերլենի Պերեսը՝ տնտեսագետ և Հավանայի համալսարանի Կուբայի տնտեսության հետազոտությունների կենտրոնի նախկին պրոֆեսորը, նշում է, որ երկրի տրանսպորտային համակարգը մինչ օրս հենվում է «ալմենդրոնների» վրա, քանի որ ժամանակակից ավտոմեքենաները շարունակում են անհասանելի մնալ քաղաքացիների բացարձակ մեծամասնության համար։

«Դրանք միշտ եղել են հիմնական տրանսպորտը շարքային կուբացիների համար։ Եվ ոչ միայն Հավանայում, այլև ամբողջ երկրում»,- ընդգծում է փորձագետը։

Վերջին տարիներին Կուբայում սկսել են հայտնվել նոր ավտոմեքենաներ, սակայն դրանց գները համադրելի չեն պետական հատվածի աշխատողների եկամուտների հետ։ Դա ստիպում էր հին «ամերիկացիներին» մնալ շարքերում, թեև այժմ Հավանայի փողոցներում սկսում է իր ուղին հարթել մեկ այլ ապագա։

Ճանապարհներին սրընթաց աճում է Չինաստանից ներմուծվող էլեկտրական մոտոցիկլետների թիվը։ Հայտնվում են նաև փոքր էլեկտրամոբիլներ. դրան նպաստում է արևային մարտկոցներով աշխատող լիցքավորման կայանների ցանցի ընդլայնումը, որոնց ստեղծումը սուբսիդավորում է կառավարությունը՝ վերականգնվող էներգետիկային անցնելու շրջանակում։

Այդուհանդերձ, Հավանայում տաքսիստ Գոնսալեսը դեռ պատրաստ չէ դասական ավտոմեքենաները հաշվից հանել։ Չնայած բենզինի բացակայությանը և զբոսաշրջային հոսքի կտրուկ անկմանը՝ հին Chevrolet-ն դեռ թույլ է տալիս նրան կերակրել ընտանիքը։

«Մենք ունենք խմբեր WhatsApp-ում, որտեղ համագործակցում ենք և պատվերներ փնտրում,- ասում է Գոնսալեսը։- Թեև, իհարկե, զբոսաշրջությունը Կուբայում այժմ շատ ծանր վիճակում է»։

Source: https://news.am/hy/news/1042150