«Մինչև երդմնակալությունը կհասցնենք հրաժարվել և ավարտին հասցնել Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը»։ Հունիսի 3-ին Երևանում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով իրենց դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններ ունենալու վերաբերյալ հարցը։

Նա ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը լիովին կավարտվեն սահմանված ժամկետներում։ Նարեկ Կարապետյանը վստահեցրել է, որ իր հորեղբայրը՝ Սամվել Կարապետյանը, կկատարի Հայաստանի Հանրապետության օրենսդրական բոլոր պահանջները, որոնք վերաբերում են երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքացիությանը, և պաշտոնը պաշտոնապես ստանձնելու պահին նա կունենա բացառապես հայկական անձնագիր։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն ունի երեք երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։ Օրենսդրական պահանջների պատճառով, որոնք արգելում են Հայաստանի վարչապետին ունենալ բազմաքաղաքացիություն, նա սկսել է ռուսական և կիպրական անձնագրերից հրաժարվելու իրավական գործընթացը։

Source: https://news.am/hy/news/1040675