Դիվերսիֆիկացման պատրվակով Հայաստանի ինտեգրումը Եվրոպական միությանը նշանակում է խզում Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է Интерфакс գործակալությունը։
«Ինտեգրումը ԵՄ-ին, թեկուզ դիվերսիֆիկացման պատրվակով, նշանակում է խզում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ, որքան էլ առանձին գործիչներ վստահեցնեն, թե դա այդպես չէ։ Նման քայլերը Հայաստանի տնտեսությունը կհասցնեն խոր ճգնաժամի»,- ասել է Շոյգուն, որի խոսքերը մեջբերված են ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Ուզում եմ ուղիղ ասել՝ ոչ ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, ոչ եվրոպական ստանդարտներին անցման մեղմացումը, ոչ էլ տնտեսական ճգնաժամից դուրս գալը, որը կհաջորդի դրան, մենք չենք ֆինանսավորելու»,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Նրա բնորոշմամբ՝ Հայաստանի տնտեսության գրեթե ամբողջ իրական հատվածը կապված է Ռուսաստանի հետ, իսկ Եվրոպայում Երևանի համար սպառման շուկաներ չկան։
«Հայաստանի իշխանությունները չեն կարող չգիտակցել նաև այն, որ երկիրը չունի ոչ ապրանքների հավաստագրում ըստ եվրոպական ստանդարտների, և ոչ էլ սպառման շուկաներ։ Տնտեսության գրեթե ամբողջ իրական հատվածը կապված է Ռուսաստանի հետ»,- Շոյգուի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։
Նշվում է, որ միայն գյուղատնտեսական արտադրանքի մասով, որի ավելի քան 96%-ը սպառում է Ռուսաստանը, Հայաստանը տարեկան կկորցնի ավելի քան 700 միլիոն դոլար և հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր աշխատատեղեր։
Source: https://news.am/hy/news/1040670