ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի խոշորագույն կրիպտոարժույթների բորսա Nobitex-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։

«Nobitex-ը զգալի աջակցություն է ցուցաբերել ռեժիմին՝ 2025 թվականին Իրան թվային ակտիվների բոլոր մուտքերի ավելի քան 50%-ը մշակելով և նպաստելով Իրանի ահաբեկչական գործունեության, պատժամիջոցներից խուսափելու փորձերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված գործարքների հետ առնչվող վճարումներին, ներառյալ ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցված փրկագին պահանջող ծրագրերի հետ կապված գործունեությունը», - նշվում է գերատեսչության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Nobitex-ի տնօրենների խորհրդի նախագահը, համահիմնադիրը և նախկին գլխավոր տնօրենը։

Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական այլ կրիպտոարժույթների բորսաների՝ Wallex, Bitpin և Ramzinex-ի նկատմամբ։

«Մինչ Իրանի տնտեսությունը գտնվում է ազատ անկման վիճակում, ռեժիմը որոշել է օգտագործել թվային ակտիվների տեխնոլոգիաները իր սեփական կոռուպցիոն նպատակների համար, այդ թվում՝ պատժամիջոցներից խուսափելու և երկրից հարստությունը դուրս բերելու համար։ Իրանում ներկայիս տնտեսական քաոսը վկայում է այն մասին, որ նախագահ Թրամփի առավելագույն ճնշման արշավը պսակվել է հաջողությամբ», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, նրա խոսքերը մեջբերվում են մամուլի հաղորդագրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1040451