Նույնիսկ եթե Մերձավոր Արևելքում պատերազմն անմիջապես ավարտվի, մարդասիրական մատակարարման գլոբալ շղթաները չեն վերականգնվի մինչև 2027 թվականը, հայտարարել են Միավորված ազգերի կազմակերպությունում։
Փետրվարի 28-ին Իրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածներից գրեթե 100 օր անց, որոնք հրահրեցին այս հակամարտությունը, դրա հետևանքները դուրս են գալիս Մերձավոր Արևելքի սահմաններից, նշել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գլոբալ տրանսպորտի և լոգիստիկայի բաժնի ղեկավար Ժան-Սեդրիկ Մեյուսը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
«Մարդասիրական մատակարարման գլոբալ շղթայի խաթարումն ազդում է երեխաների վրա ամբողջ աշխարհում. միջազգային երթուղիներում խցանումները պահպանվում են, իսկ ծախսերն աճում են»,— հայտարարել է նա Ժնևում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
Չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև շաբաթներ տևած անուղղակի բանակցություններին, սպառնալիքներին ու ավիահարվածներին՝ պատերազմը այդպես էլ չհաջողվեց կանգնեցնել, իսկ Հորմուզի նեղուցը, որը Պարսից ծոցից նավթի և գազի մատակարարման հիմնական երթուղին է, մնում է փակ։
«Այն, ինչ սկսվում է որպես Մերձավոր Արևելքով և Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանում, ուղղակիորեն վերածվում է հումանիտար ճգնաժամի»,- ասել է Մեյուսը՝ հանդես գալով Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից։
Ըստ նրա՝ շարունակական ուշացումները և բարձր գործառնական ծախսերը UNICEF-ին կանգնեցնում են «անհնարին ընտրության» առջև՝ ֆինանսավորման համաշխարհային ճգնաժամի պայմաններում։
«Այս շղթայական արձագանքի հետևում թաքնված է մի պարզ, բայց դաժան հավասարում. տրանսպորտի վրա ծախսված յուրաքանչյուր լրացուցիչ դոլար նշանակում է մեկ դոլարով պակաս օգնություն երեխաներին»,— ընդգծել է նա։
UNICEF-ի լոգիստիկայի ղեկավարը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում ավիափոխադրումների ծավալները կտրուկ նվազել են, ավիաընկերությունների մի մասը դադարեցրել է չվերթները դեպի Աֆրիկայի որոշ երկրներ, իսկ նավահանգիստների ծանրաբեռնվածությունը տարածվում է ամբողջ մայրցամաքով մեկ։
Նրա տվյալներով՝ Հնդկաստանից դեպի Նիգերիա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն պատվաստանյութերի օդային փոխադրման արժեքն աճել է 50–70%-ով։
«Մարդասիրական մատակարարումների համար հետևանքները հսկայական են»,— նշել է Մեյուսը։
Նույնիսկ «եթե համաձայնություն ձեռք բերվի և Հորմուզի նեղուցը բացվի, UNICEF-ի մատակարարումներին առնչվող իրավիճակը մինչև տարեվերջ չի բարելավվի»,- զգուշացրել է Մեյուսը։
Source: https://news.am/hy/news/1040354
World
Մերձավոր Արևելքի պատերազմը քայքայում է մարդասիրական մատակարարման շղթաները. ՄԱԿ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։