Կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերը չթիրախավորեն իրենց չընտրած ընտրողներին, որովհետև դա կլիներ ամենասխալ բանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընտրությունների պատճառների մասին խոսակցություններ կան ու դեռ էլի լինելու են, բայց մի բան ակնհայտ է, անհամաձայն ընտրողներին չի կարելի թիրախավորել։ Երկրորդը, որ կարևորում եմ, այն է, որ պետք չէ հիասթափությունը դարձնել գերիշխող էմոցիա այսպիսի արդյունքների պայմաններում։

Հիմա ուզում եմ անդրադառնալ հանրային տիրույթում այս պահին ամենաշատը քննարկվող հարցին՝ մանդատները վերցնելու–չվերցնելու, դրա իրավական ու քաղաքական բաղադրիչներին։ Մանդատներ չվերցնելը, ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ունի ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բաղադրիչ։

Իրավական բաղադրիչը, ինչպես մնացած երկրներում, չի նշանակում, որ փոքրամասնության կողմից մանդատները չվերցնելը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսին են Ազգային ժողովի նոր ընտրությունը, երկրորդ փուլը կամ էլի նմանատիպ հետևանքներ։

Մանդատները չվերցնելը իրավաբանորեն նախևառաջ նշանակում է «Հայաստան» դաշինքի 212, «Ուժեղ Հայաստանի» ցուցակի 200 անձինք պետք է մանդատից հրաժարվելու անհատական դիմումներ ներկայացնեն ԿԸՀ։ Դրանից հետո միևնույն է կկայացվի մանդատներ բաշխելու և Ազգային ժողով ձևավորելու որոշում, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա այս պահին 64 մանդատ ու կգնա խորհրդարան։

Հրաժարվողների մանդատները չեն անցնի անցողիկ շեմը չհաղթահարած մյուս ուժերին, այսինքն այլ ուժեր չեն անցնի խորհրդարան։ Խորհրդարանում այդ տեղը, պատկերավոր ասած, կմնա դատարկ։

Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ. այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է և քաղաքական ընդդիմությունը, որը մտել է ընտրապայքարի մեջ ու արձանագրել այս արդյունքները, տիտղոսակիր ընդդիմությունը, ըստ էության, այս պահին ըստ մանդատի, պետք է ինքը կայացնի որոշում։

Սա իրենց որոշումն է, իրենց ընտրողների հետ երկխոսելու իրենց բանաձևը և կարծում եմ, այդ որոշման մասին իրենք պիտի տեղյակ պահեն ու ասեն, որ տարբերակով են առաջ շարժվում, վերցնում են ինչու, չեն վերցնում, էլի ինչու»։

Բացի այդ Արփինե Հովհանհնիսյանը հավելել է. «Իմ անձնական կարծիքն է՝ մանդատները պետք չէ վերցնել։ Սա լավագույն ձևով ցույց կտա քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական հուսալիությունը։

Մի դիտարկում ևս։ Բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ընտրական շեմ, խորհրդարանում ստացած մանդատների թիվը ավելի բարձր է լինում, քան տվյալ ուժի ստացած քվեների տոկոսը»։

Source: https://news.am/hy/news/1042030