Աֆղանստանին աջակցության Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունը (UNAMA) «խոր մտահոգություն» է հայտնել երկրի արևմուտքում կանանց ձերբակալությունների և կալանավորումների մասին լուրերի կապակցությամբ՝ սահմանված հագուստի կրման կանոնները չպահպանելու պատճառով, հայտնում է Associated Press-ը։
X սոցիալական ցանցում հրապարակված առաքելության պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հերաթ քաղաքում իրականացված ձերբակալությունները «լուրջ երկյուղներ են առաջացնում մարդու իրավունքների պահպանման ոլորտում»։ Առաքելությունը կոնկրետ մանրամասներ չի փոխանցել, մինչդեռ Աֆղանստանի Առաքինության խրախուսման և արատների կանխարգելման նախարարությունը (որը ձևավորել է «Թալիբան»-ի կառավարությունը) կատեգորիկ կերպով հերքել է այդ հաղորդումները՝ դրանք անվանելով «բամբասանքներ»։
«Մենք երկրի փաստացի իշխանություններին հիշեցնում ենք, որ բոլոր մարդիկ ունեն տեղաշարժման ազատության իրավունք, ինչպես նաև այն մասին, որ բոլոր քաղաքացիները՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, օրենքի առջև հավասար իրավունք ունեն»,- հայտնել են ՄԱԿ-ի առաքելությունում։ Ավելի վաղ կազմակերպությունն արդեն նմանատիպ մտահոգություն էր հայտնել անցյալ տարի աֆղանական մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած նմանատիպ ձերբակալությունների կապակցությամբ։
Անանունության պայմանով խոսած իրավապաշտպանը երկուշաբթի հայտնել է, որ դիտորդներին հաջողվել է հաստատել Հերաթում ուրբաթ օրվանից ի վեր ձերբակալությունների և կալանավորումների առնվազն 16 դեպք։ Իբր ոչ պատշաճ արտաքին տեսքի համար ձերբակալվածների թվում եղել է նաև հղի կին։
Հերաթի մզկիթների իմամներն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ընթերցել են Իսլամական կողմնորոշման (առաքինության խրախուսման) նախարարության անունից հղված դիմումը, որտեղ ասվում էր, որ կանանց խստիվ արգելվում է առանց հիջաբի լքել իրենց տները։ Ըստ իրավապաշտպանի՝ զանգվածային ձերբակալությունները սկսվել են գրեթե անմիջապես այս հայտարարություններից հետո։
«Հերաթում կանանց ձերբակալությունների մասին տարածվող բոլոր լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել են Առաքինության խրախուսման և արատների կանխարգելման նախարարության տեղեկատվական բյուրոյից՝ միաժամանակ հավելելով, որ «հիջաբ կրելը աստվածային պատվիրան է և օրենք, որը մենք պարտավոր ենք կատարել»։ Իշխանությունների ընկալմամբ՝ հիջաբը գլխաշոր և լայն հագուստ է, որն ամբողջությամբ ծածկում է մարմինը։
Աֆղանստանի նոր իշխանությունները կանանց և աղջիկների համար դրակոնյան սահմանափակումներ են մտցրել այն բանից ի վեր, երբ «Թալիբան» շարժումը 2021 թվականին զավթեց իշխանությունը երկրում՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն զորքերի քաոսային դուրսբերման ֆոնին։ Սահմանափակումները ներառում են տարրական դպրոցից բարձր կրթություն ստանալու լիակատար արգելքը, մասնագիտությունների ճնշող մեծամասնությամբ աշխատելու արգելքը, ինչպես նաև հասարակական վայրերում արտաքին տեսքի խիստ կանոնակարգումը։
Ըստ կառավարական հրահանգների՝ կանայք կարող են հանրությանը հայտնվել բացառապես հիջաբով և փակ դեմքով, որտեղ տեսանելի են մնում միայն աչքերը։ Այդ պահանջները կատարելու համար Աֆղանստանում շատ կանայք օգտագործում են ստանդարտ բժշկական դիմակներ, որոնք մնացել են ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակներից։
Source: https://news.am/hy/news/1042142