Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական արշավի հասցեին Իսպանիայի հնչեցրած կոշտ ու բացահայտ քննադատությունը հանգեցրել է այս երկրի համար հազվադեպ հանդիսացող իրավիճակի. արտաքին ասպարեզում ավանդաբար զուսպ Մադրիդին հաջողվել է միաժամանակ կատաղության հասցնել Դոնալդ Թրամփի վարչակազմին և լուրջ դժգոհություն առաջացնել իր առավել զգուշավոր եվրոպացի դաշնակիցների շրջանում։

Ներքին քննադատների աչքերում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը միջազգային հարթակում զբաղված է սովորական պոպուլիզմով՝ փորձելով հանրության ուշադրությունը շեղել սեփական երկրում ահագնացող կոռուպցիոն սկանդալներից և քաղաքական ճգնաժամից։ Սակայն Իսպանիայի դիվանագիտության ղեկավարը հաստատակամորեն պնդում է, որ Մադրիդը պարզապես հավատարիմ է մնում միջազգային իրավունքի սկզբունքներին այն ժամանակ, երբ մյուսները մոռացել են դրանց մասին։

Financial Times-ին տված հարցազրույցում Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը նվազեցրել է Սպիտակ տան զայրույթի նշանակությունը, որն առաջացել էր Մադրիդի քննադատության և Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ին ռազմաբազաներ տրամադրելուց կտրուկ հրաժարվելու պատճառով։ Ալբարեսը մերժել է նաև եվրոպական այլ մայրաքաղաքների իր գործընկերների թաքնված դժգոհությունները, հավելելով, որ Իսպանիայի անզիջում մոտեցումը խարխլում է ՆԱՏՕ-ի միասնությունը և խանգարում Թրամփի հետ պրագմատիկ երկխոսություն կառուցելուն։

Ալբարեսի կարծիքով՝ այսօր համաշխարհային քաղաքականության մեջ արմատական պառակտում է տեղի ունենում. մի կողմում միջազգային իրավունքի, պետական սուվերենության ու ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված հայեցակարգն է, մյուս կողմում՝ «ջունգլիների օրենքը»։ Վերջինիս տակ նա հասկանում է «քաոսը, բռնությունը և պատերազմը՝ որպես իրական արտաքին քաղաքականության փոխարինիչ»։

«Սա՛ է իրական ընտրությունը»,- հայտարարել է նախարարը։ Նա կտրականապես հերքել է այն ենթադրությունները, թե Իսպանիան մեկուսացման մեջ է հայտնվել եվրոպական թատերաբեմում՝ դրա փոխարեն իր երկիրն անվանելով կանոնների վրա հիմնված միջազգային կարգերի պաշտպանության «առաջամարտիկ ձայն»։

Պատմականորեն Իսպանիան միշտ եղել է Եվրամիության կարգապահ ու կանխատեսելի անդամ, որի քաղաքական ազդեցությունը հազվադեպ է դուրս եկել Լատինական Ամերիկայում ունեցած իր ավանդական հետաքրքրությունների շրջանակից։

Երբ 2018 թվականին Սանչեսը եկավ հրապարակ, երկիրը հազիվ է ուշքի եկել եվրոգոտու ծանրագույն ճգնաժամի հետևանքներից։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ Մադրիդը հրաշքով խուսափել է արտաքին ֆինանսական փրկության նվաստացուցիչ գործընթացից։ Սակայն վերջին երեք տարիների ընթացքում տնտեսությունն ամրապնդվել է, և Իսպանիան — սկսած Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հասցեին Սանչեսի հնչեցրած կոշտ դատապարտումից — վերջին երկու տասնամյակում իր ամենանշմարելի դիրքերն է զբաղեցրել համաշխարհային քաղաքականության մեջ։

Այս տարի Սանչեսը դարձել է եվրոպացի առաջին առաջնորդը, որն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմն ուղղակիորեն անվանել է «անօրինական»՝ զուգահեռներ անցկացնելով Իրաքի արշավանքի հետ։ Վերջինս, նրա խոսքով, հանգեցրել էր միայն ջիհադիստական ահաբեկչության ալիքի, միգրացիոն լայնամասշտաբ ճգնաժամի և էներգակիրների գների կտրուկ աճի։

Այն հարցին, թե արդյոք Իսպանիան կմասնակցի՞ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի առաքելությանը, եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր գործարքը վերջնականապես ձախողվի, Ալբարեսը հաստատակամորեն պատասխանել է. «Մենք չենք մասնակցի որևէ գործողության, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման։ Եվ, ամենակարևորը, մենք խորապես համոզված ենք, որ այս ճգնաժամը ռազմական լուծում չունի»։

Իսպանիայի դիրքորոշումն ամրապնդված է (իրեն պացիֆիստ հռչակած) Սանչեսի մի շարք կոնկրետ քայլերով, որոնք կատաղություն են առաջացրել Թրամփի վարչակազմում։ Իրանի դեմ ռազմական գործողությունների հենց սկզբից Մադրիդն արգելել է ամերիկյան զինվորականներին հարվածներ հասցնելու համար օգտագործել Իսպանիայի տարածքում գտնվող երկու համատեղ ռազմաբազաները։ Այս որոշումը լրջորեն բարդացրել է Պենտագոնի լոգիստիկան՝ սահմանափակելով նաև ինքնաթիռների լիցքավորման հնարավորությունները։

«Իսպանիայի պահվածքը պարզապես սոսկալի էր, սարսափելի»,- անցյալ ամիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ — «ՆԱՏՕ-ի հասցեին լիովին օրինաչափ հարցեր են առաջանում. ո՞րն է իմաստը լինել մի դաշինքի մեջ, որից մեր գլխավոր օգուտը բազաներ տեղակայելու իրավունքն է, եթե իրանականի նման հակամարտության թեժ պահին մեզ կարող են պարզապես մերժել դրանց օգտագործման հարցում»։

Իրավիճակն էլ ավելի է սրվել դեռևս անցյալ տարվա հունիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, երբ Սանչեսը արգելափակել է ԱՄՆ-ի առաջարկած նախաձեռնությունը, որով նախատեսվել է անդամ երկրների պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին։ Այդ ժամանակ Թրամփը հրապարակավ Իսպանիան անվանել է «սարսափելի» և մեղադրել նրան ձրիակերության մեջ։

Այս տարաձայնությունները լուրեր են ծնել այն մասին, որ Վաշինգտոնը կարող է պատասխան քայլերի դիմել՝ կրճատելՌոտա և Մորոն համատեղ բազաներում գտնվող ամերիկյան զորակազմը կամ առևտրային էմբարգո սահմանել Իսպանիայի դեմ։ Սակայն Ալբարեսը շտապել է հարթել սուր անկյունները։ «ԱՄՆ նախագահը խոսում է շատ, չափազանց շատ երկրների մասին, և նա արտահայտվելու յուրահատուկ ոճ ունի»,- նշել է նա։ — «Բայց արտաքին քաղաքականությունը կառուցվում է փաստերի վրա։ Իսկ իրական փաստերն այնպիսին են, որ ՆԱՏՕ-ի ներսում, առևտրի, ներդրումների և մշակութային կապերի ոլորտում մեզ մոտ ամեն ինչ հարթ է ընթանում։ Ահա թե ինչն է իրականում կարևոր»։

Ընդգծելով, որ ԱՄՆ-ի և Իսպանիայի հարաբերությունները մնում են «չափազանց դրական»՝ Ալբարեսը գոհունակությամբ հավելել է, որ միշտ բացառապես իսպաներենով է շփվում Մարկո Ռուբիոյի հետ, հիշեցնելով, որ վերջինիս ծնողները ժամանակին ԱՄՆ են գաղթել Կուբայից։

Source: https://news.am/hy/news/1040322