Էկոնոմիկայի և նորարարությունների նախարար Էդվինաս Գրիշկասը հայտարարել է, որ երկրում մեկնարկել է 3 միլիոն եվրո արժողությամբ նախագծերի մրցույթ՝ ուղղված մաքսանենգ օդերևութաբանական զոնդերի դեմ պայքարի միջոցների մշակմանը, որոնք նաև հնարավորություն կտան պաշտպանել օդային տարածքը անօդաչու թռչող սարքերից։

«Նախնական գաղափարը միշտ ուղղված է եղել օդերևութաբանական զոնդերին, բայց մենք տեսնում ենք, որ հակադրոնային համակարգերը պակաս կարևորություն չունեն։ Դա պետք է լինի դինամիկ լուծում՝ բազմամակարդակ պաշտպանական համակարգի համար»,- չորեքշաբթի Verslo Žinios գործարար պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Գրիշկասը։

Ըստ նախարարի՝ թեև օդապարուկները մնում են գլխավոր թիրախը, մշակվող տեխնոլոգիական լուծումը պետք է ընդգրկի օդային սպառնալիքների ավելի լայն համակարգ՝ ներառյալ ԱԹՍ-ները։ Մոտ ժամանակներս նախատեսվում է իրականացնել նախամրցութային գնում՝ տեխնիկական բնութագրերի ձևավորմամբ, որին կարող են մասնակցել ինչպես նախորդ տենդերների հաղթողները, այնպես էլ նոր ընկերություններ։

«Հակաօդային պաշտպանության համակարգը, թերևս, ամենաբարդ լուծումներից մեկն է ժամանակակից տեխնոլոգիական զարգացման համատեքստում։ Կան օդապարուկներ, կան դրոններ. կարևոր է, որ լուծումը չսահմանափակվի միայն որևէ մեկ սպառնալիքի՝ միայն փուչիկների պատասխանով։ Այն պետք է կիրառելի լինի որպես ՀՕՊ համակարգի տարր ընդհանուր առմամբ»,- ընդգծել է նախարարը։

Գրիշկասը հավելել է, որ, իր կանխատեսումներով, պատրաստի արտադրանքը կարող է մշակվել վեց ամսվա ընթացքում, իսկ փորձնական խմբաքանակը կթողարկվի ևս մի քանի ամիս անց։

Ավելի վաղ նախարարությունն արդեն հայտարարել էր նմանատիպ տեխնոլոգիական մրցույթ՝ 1 միլիոն եվրոյի չափով, որի արդյունքներով ֆինանսավորում էին ստացել IT Logika, Teltonika և Dangaus Šviesos»ընկերությունները։

Այժմ ֆինանսավորման ծավալն ավելացվել է մինչև 3 միլիոն եվրո՝ անհրաժեշտ լուծումների ստեղծումն արագացնելու համար։

Source: https://news.am/hy/news/1040642