Լիբանանի մշակույթի նախարարությունը հանդես է եկել երկրի ներսում գտնվող պատմական օբյեկտների, դրանց թվում՝ Տյուրոս հնագույն քաղաքի ուղղությամբ իսրայելական բանակի հասցրած հարվածների խիստ դատապարտմամբ։
«Տյուրոս հնագույն քաղաքը, որն ամփոփում է մարդկության ավելի քան հինգհազարամյա պատմությունը, համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն է։ Այն բացառիկ պատմական, մշակութային և խորհրդանշական արժեք ունի ամբողջ մարդկության համար։ Այդ տեսանկյունից՝ տվյալ օբյեկտի պաշտպանությունը ոչ միայն Լիբանանի պարտականությունն է, այլև կոլեկտիվ պատասխանատվություն, որը սահմանված է միջազգային իրավունքով և մշակութային ժառանգության պահպանության մասին միջազգային համաձայնագրերով»,- ընդգծվում է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կանոնավոր կերպով հարվածներ է հասցնում Լիբանանի հարավային շրջաններին։ Ռմբակոծությունների ընթացքում արդեն իսկ տուժել են եզակի պատմական կառույցներ, դրանց թվում՝ Բոֆոր ամրոցը՝ ժայռի գագաթին գտնվող միջնադարյան բերդը։
Լիբանանի հարավային ափին գտնվող Տյուրոս հնագույն քաղաքը 1984 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2024 թվականի նոյեմբերին դրան շնորհվել է ուժեղացված պաշտպանության կարգավիճակ՝ ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա 1999 թվականի Երկրորդ արձանագրության՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին։
Եզրափակելով՝ Լիբանանի մշակույթի նախարարությունը դիմել է միջազգային հանրությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրի տարածքում գտնվող պատմական հուշարձանների պաշտպանության համար։
Source: https://news.am/hy/news/1042130