Մեծ Բրիտանիայի կառավարող Լեյբորիստական կուսակցության օրենսդիրների ավելի քան մեկ երրորդը նամակ է ստորագրել՝ բրիտանական կառավարությանը կոչ անելով դադարեցնել առևտուրը Հորդանան գետի արևմտյան ափի բռնազավթված տարածքներում գտնվող իսրայելական բնակավայրերի հետ, հաղորդում է Reuters-ը։

Վարչապետ Քիր Սթարմերը ստիպված է հավասարակշռություն պահպանել Իսրայելի և ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը լինելու Մեծ Բրիտանիայի պատմական կարգավիճակի և սեփական ձախակենտրոն կուսակցության գործադրած ճնշման միջև, որը պահանջում է ավելի խիստ դիրքորոշում ընդունել պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների նկատմամբ։

«Հրատապ հաշվետվողականության և կոնկրետ հետևանքների անհրաժեշտություն կա՝ ի պատասխան բռնազավթված Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի խախտումների, որոնց մասշտաբներն օրեցօր աճում են,- ասված է նամակում։- Կարծում ենք՝ բնակավայրերի հետ առևտրի դադարեցումը կենսական նշանակություն ունեցող հաջորդ քայլն է»։

Փաստաթուղթը ստորագրել է 137 լեյբորիստ պատգամավոր, ինչը կազմում է 650-տեղանոց Համայնքների պալատում կուսակցության 402 անդամների ավելի քան մեկ երրորդը։

Իսրայելի կառավարող կոալիցիան նպաստել է բնակավայրերի արագ ընդլայնմանը, իսկ որոշ նախարարներ բացահայտորեն կոչ են արել բռնակցման ենթարկել Արևմտյան ափը՝ տարածք, որն Իսրայելը գրավել է 1967 թվականի պատերազմի ժամանակ, և որտեղ պաղեստինցիները հույս ունեն ստեղծել իրենց պետությունը։ Աշխարհի երկրների մեծ մասն այս բնակավայրերը համարում է միջազգային իրավունքի խախտում։

Արևմտյան ափին պաղեստինցիների նկատմամբ բնակիչների գործադրած բռնությունը ևս կտրուկ աճել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր։

Անցյալ տարի Իսպանիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որը հայտարարեց իսրայելական բնակավայրերից ապրանքների ներկրման արգելքի մասին, իսկ եվրոպական այլ պետություններ, մասնավորապես՝ Իռլանդիան և Նիդերլանդները, նմանատիպ քայլեր են դիտարկում։

Պատասխանելով նամակի և առևտրի արգելքի կոչի մասին հարցին՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչն ուղղակիորեն չի մեկնաբանել նախաձեռնությունը, սակայն հայտարարել է, որ Լոնդոնը «վճռականորեն և բազմիցս դատապարտել է բնակիչների գործադրած բռնությունը և անօրինական բնակավայրերի ընդլայնումը»։

«Շարունակում ենք իսրայելական իշխանություններին կոչ անել խստորեն ճնշել բոլոր նրանց գործողությունները, որոնք ձգտում են լարվածություն բորբոքել, և պայքարել այն անընդունելի բռնության ու գույքի ոչնչացման դեմ, որոնք բնակիչների խմբերն իրականացում են պաղեստինյան համայնքների դեմ»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը։

Սթարմերի կառավարության օրոք Լոնդոնն արդեն կասեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները, սառեցրել է զենքի արտահանման որոշ արտոնագրերի գործողությունը և պատժամիջոցներ կիրառել իսրայելական կաբինետի երկու ծայրահեղ աջ նախարարների՝ Իտամար Բեն-Գվիրի և Բեցալել Սմոտրիչի նկատմամբ։ Անցյալ տարի Մեծ Բրիտանիան միացավ այնպիսի դաշնակիցների, մասնավորապես՝ Ֆրանսիան և Կանադան՝ պաշտոնապես ճանաչելով Պաղեստին պետությունը։

Մեծ Բրիտանիան նաև դեմ է հանդես գալիս նոր բնակավայրի կառուցման նախագծին, որը հայտնի է որպես E1. այն Արևմտյան ափը կբաժանի երկու մասի, և դաշնակիցների հետ միասին կոչ է անում առևտրային ընկերություններին չմասնակցել դրա կառուցման մրցույթներին։

Source: https://news.am/hy/news/1042081