Այսօր անցկացված եռակողմ հանդիպման ընթացքում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են «Միջին միջանցք» տրանսպորտային երթուղու զարգացումը։ Դրա մասին Ստամբուլում բանակցությունների արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ հանդիպմանն ընդգծվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել TRIPP նախագծի իրականացման շուրջ, որն այդ տրանսպորտային երթուղու մի մասն է։

«Մեծ գոհունակությամբ նշվեց Թուրքիայում Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի շարունակվող շինարարությունը»,- հավելել է նախարարը։

Source: https://news.am/hy/news/1042118