Հուսով եմ, որ ինչ էլ լինի, Փաշինյանը վերջիվերջո պատասխանատվության կենթարկվի։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Լևոն Քոչարյանը ընտրողների հետ մայրաքաղաքի «Դինամո» մարզադաշտի փակ դահլիճում ընթացող «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Նա դիմել է այն հայրենակիցներին, ովքեր «մեզ չեն սիրում և մեզ չեն քվեարկելու», ինչպես նաև նրանց, ովքեր լի են անտարբերությամբ նախընտրական գործընթացի նկատմամբ։ Նրա խոսքով՝ պատճառները տարբեր են, այդ թվում՝ անցած տարիների սխալները, բայց առավելապես տարիներ շարունակվող տեղեկատվական մանիպուլյացիան։

«Կիսելով արդարացի վրդովմունքը՝ խնդրում եմ, որ անցած տարիների սխալը չդառնա Ալիևի «գուբերնատոր» Նիկոլ Փաշինյանի ընտրվելու պատճառը», - նշել է Քոչարյանը։ Նա խնդրել է քաղաքացիներին թույլ չտալ, որ վրդովմունքն օգտագործվի երկրի քայքայման համար։ Իր հերթին նա խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի այսուհետ այդ վրդովմունքի համար պատճառներ չլինեն։

Անդրադառնալով անմիջապես Փաշինյանին՝ նա նշել է, որ վերջինս ստի և կեղծիքի չեմպիոն է։ «Հուսով եմ, որ ինչ էլ լինի, դու վերջիվերջո պատասխանատվության կենթարկվես», - նկատել է պատգամավորը։

Խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի մասին տարածվող հայտարարությունների մասին՝ Լևոն Քոչարյանը նշել է. «Ես գիտեմ ճշմարտությունը և ուզում եմ այստեղից ասել. հայրիկ, ես հպարտանում եմ քեզնով»։

Source: https://news.am/hy/news/1041154