Երբ կառավարությունը կրակի հետ է խաղում, այրվում է ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ։

Քաղաքական գործիչը դաշինքի քարոզարշավը գնահատել է որպես հագեցած՝ նշելով, որ տեղի են ունեցել հանդիպումներ տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ, որոնք նաև հնարավորություն են տվել լրացնելու դաշինքի ծրագրերը։

Նրա խոսքով՝ այս ընտրությունները սովորական չեն, և բոլորը դրա մասին խոսում են։ Ընտրություններն այն մասին չեն, թե առաջիկա 5 տարիներին ինչ սոցիալական ծրագրեր են իրականացվելու։ Ընտրություններն այն մասին են, թե արդյոք Հայաստանը կմնա հայկական պետություն, կպահպանի՞ իր ինքնիշխանությունը, թե՞ կդառնա թուրքական աշխարհի կցորդն ու նրանց կամքը կատարողը։ Հայաստանի պատմության մեջ այս ընտրությունները ամենակեղտոտն ու ամենախայտառակն են, և այս ամենի հեղինակը իշխանություններն են։ «Նրանք քարոզարշավը թունավորել են թույնով և կեղտոտ հռետորաբանությամբ։ Մենք համաձայն չենք դրա հետ։ Մենք պետք է փորձենք Հայաստանը մաքուր պահել նման կեղտից։ Ոչ մի ընտրություն չի ուղեկցվել այսքան ճնշմամբ և բռնությամբ»,- արձանագրել է քաղաքական գործիչը։

Քոչարյանը հիշեցրել է, որ իշխող թիմը իշխանության էր եկել ժողովրդավարության կարգախոսով, սակայն դարձել է բռնապետ, ինչով կասկածի տակ է դրվում ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։

Քաղաքական գործիչը նկատել է, որ յուրաքանչյուր ընտրություն հաշվետվություն է և նոր ծրագրերի ներկայացում։ Սակայն քանի որ իշխանությունները ձախողել են իրենց բոլոր խոստումները, ասելու բան չունեն, ուստի երկիրը վերածել են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման էպիկենտրոնի։ Իշխող ուժն ընդհանրապես ծրագրի մասին չի խոսում, քանի որ այդ դեպքում ստիպված կլինի խոսել սադրած պատերազմի, 5 հազար զոհերի, 12 հազար վիրավորների, կորցրած տարածքների, Արցախի և 150 հազար փախստականների մասին, ինչպես նաև առնվազն 80 միլիարդ դոլարի վնասի մասին, որը հասցվել է Հայաստանին և հայությանը, թվարկել է Քոչարյանը։

Նա նշել է, որ իշխանությունները խոստացել էին ժողովրդավարություն, ստեղծել են բռնապետություն, խոստացել էին պայքարել կոռուպցիայի դեմ, բայց հենց իրենք էլ գլխավորել են այն։ «Երբ կառավարությունը կրակի հետ է խաղում, այրվում է ժողովուրդը։ Սա պարզ ճշմարտություն է»,- նշել է Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ նախընտրական քարոզարշավից առաջ երկրի ղեկավարությունը այցելել էր Բրյուսել և Զելենսկուն հրավիրել Երևան, իսկ այժմ, Մոսկվայի արձագանքից հետո, ստեղծված խառնաշփոթում փորձում է շանտաժով և ճնշմամբ ձայներ ստանալ։ Ինչպես ընդգծել է Քոչարյանը, արտաքին քաղաքականությունը պետք է բացառի գերտերությունների շահերի վրա խաղը։ «Պետք է հետևել պարզ «և՛, և՛» մոդելին, ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ին։ Սա հաջողության գրավականն է։ Ես դա կարող եմ անել և արել եմ։ Մեր դեպքում ժողովուրդը կկարողանա վաստակել ԵԱՏՄ հսկայական շուկայում և ծախսել ամբողջ աշխարհում, որտեղ կցանկանա, թեև ավելի լավ է՝ Հայաստանում։

Նիկոլի ստեղծած խնդիրը ես կարող եմ լուծել մեկ օրում։ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմն էլ կստանանք ավելի արագ, քան այս իշխանությունների օրոք»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Նա կրկնել է անվտանգության մոդելը՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից․ այլ արդյունավետ մոդել պարզապես չկա։

«Ես երաշխավորում եմ, որ մենք կվերականգնենք Հայաստանի նկատմամբ հարգանքը։ Մենք կբացառենք նիկոլական նվաստացուցիչ կարգավիճակի այն իրավիճակը, երբ հարևանների հետ հարաբերությունները հանգում են ծառայի և տիրոջ հարաբերությունների, որտեղ տերը Ալիևն է, իսկ ծառան՝ Նիկոլը։ Մենք մերժում ենք այդպիսի մոդելը։ Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ իրեն ղեկավարի Ալիևի ծառան։

Նա, ով սադրել է պատերազմը և սարսափելի կորուստները, իրավունք չունի անգամ արտասանելու «խաղաղություն» բառը։ Նույնիսկ աղավնին չթռավ նրա ձեռքից՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը կեղծ խաղաղություն է բերում (Քոչարյանն ակնարկում է վերջին դեպքը, երբ Փաշինյանի բաց թողած աղավնին չկարողացավ թռչել)։ Մենք ձգտում ենք խաղաղության և կհասնենք դրան՝ կայուն, արժանապատիվ խաղաղության։ Իմ նախագահության ժամանակ դա հաջողվել է, կանեմ ևս մեկ անգամ»,- ընդգծել է Քոչարյանը։

Source: https://news.am/hy/news/1041184