Լեհաստանի գլխավոր դատախազ Վալդեմար Ժուրեկը դիմել է Եվրախորհրդարան՝ «Իրավունք և արդարություն» կուսակցությունը ներկայացնող եվրապատգամավոր Պատրիկ Յակիին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է RMF24-ը։

Հետաքննությունն իրականացնող Պոզնանի դատախազության տվյալներով՝ Յակին, զբաղեցնելով արդարադատության փոխնախարարի պաշտոնը, հնարավոր է՝ չարաշահել է իր լիազորությունները և ազդել քրեակատարողական ծառայությունում կադրային որոշումների վրա։

Քննությունը կարծում է, որ աշխատակիցներից մեկը պաշտոնի բարձրացում և ղեկավար պաշտոնին վերադառնալու երաշխիքներ է ստացել, թեև նախկինում նրա նկատմամբ կարգապահական վարույթ է իրականացվել։ Դատախազությունն այս գործողությունները որակում է որպես պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահում։

Հետաքննությունը շարունակելու և պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ է Եվրախորհրդարանի համաձայնությունը։

Ինքը՝ Պատրիկ Յակին, հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ և քաղաքականապես մոտիվացված։

Ավելի վաղ Եվրախորհրդարանն արդեն անձեռնմխելիությունից զրկել էր լեհ մի քանի պատգամավորների, այդ թվում՝ Գժեգոժ Բրաունին և Դիանա Շոշոակեին։

Source: https://news.am/hy/news/1040237