Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում Էբոլա տենդի ախտանիշներ ունեցող 11 պացիենտ է փախել կարանտինային մեկուսարաններից, որտեղ նրանց տեղավորել էին առողջապահական մարմինները։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Այժմ ընթանում են փախստականների որոնողական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, Էբոլայի այս բռնկման պատճառով ԿԴՀ-ում բժիշկների հսկողության տակ է գտնվում շուրջ 4,2 հազար մարդ։ Այն անձանց հայտնաբերման մակարդակը, ովքեր վերջին շաբաթներին շփում են ունեցել վարակվածների կամ մահացածների հետ, ներկայումս կազմում է ընդամենը 46%: Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պահանջում է, որ այդ ցուցանիշը հասնի առնվազն 95%-ի։ Հիշեցնենք, որ Էբոլա վիրուսի թաքնված շրջանը տևում է 21 օր։
Կոնգոյի առողջապահության նախարարության ամենաթարմ տվյալներով՝ հիվանդությունից մահացության հաստատված դեպքերի թիվը հասել է 62-ի, իսկ վարակվածների պաշտոնական թիվը 363 է։
Սա ԿԴՀ-ում Էբոլայի արդեն 17-րդ բռնկումն է․ այն սկսվել է մայիսի 15-ին։ Համաճարակի էպիկենտրոնը երկրի արևելքում գտնվող Իտուրի նահանգն է։ Վարակման դեպքեր են գրանցվել նաև Իտուրիին սահմանակից Ուգանդայում։
Source: https://news.am/hy/news/1040809