Նիկոլ Փաշինյանն իր հանցագործությունների համար կդատապարտվի ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնել է պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընտրողների հետ մայրաքաղաքի «Դինամո» մարզադաշտի փակ դահլիճում անցկացվող «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպմանը։
Ձեռքում պահելով եռագույնը՝ Սաղաթելյանն ընդգծել է, որ դա հայ ժողովրդի բազմադարյա պայքարի խորհրդանիշն է, և առաքելությունն է՝ պաշտպանել այն ու պետականությունը։
«Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Մենք միասին ամփոփում ենք կատարված աշխատանքը։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում մեր թիմը հանդիպումներ է անցկացրել մոտ 70 համայնքներում, եղել է բոլոր մարզերում, բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում»,- նշել է պատգամավորը։
«Մենք փաստերով բացատրում էինք ժողովրդին, որ այս իշխանությունները սպառնալիք են ազգային անվտանգությանը։ Նրանց պետք է հեռացնել, ոչ թե թույլ տալ, որ երկիրը տանեն դեպի նոր աղետներ։
Պատգամավորը նշել է, որ թիմը ժողովրդին կախարդական փայտիկ չի առաջարկում, սակայն գիտի, թե ինչպես լուծել խնդիրները, և դա կանի՝ միասին ստեղծելով անվտանգ պետություն, որտեղ մարդն ապահով է և ապրում է արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով։
«Մենք թույլ ազգ չենք, աղքատ ժողովուրդ չենք, մենք տեսել ենք ցեղասպանությունը, բայց ստեղծել ենք Առաջին Հանրապետությունը, մենք տեսել ենք երկրաշարժը, բայց ազատագրել ենք Արցախը։ Եվ հստակ ասում ենք՝ Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան, ադրբեջանական զորքերը պետք է հեռանան, թշնամու պահանջով Սահմանադրություն չենք փոխելու, Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվելու։ Մենք մեր երկրի տերն ենք։ Մենք պատասխանատու ենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման համար։ Մենք պատասխանատու ենք ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի ինքնիշխանության, գերիների վերադարձի, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, ոչ միայն Հայաստանի բնակիչների, այլև ամբողջ հայ ժողովրդի իրավունքների համար»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Նա կոչ է արել քաջերին կանգնել իրենց կողքին և թույլ չտալ, որ Փաշինյանի թիմը կեղծի ընտրությունների արդյունքները։ Վերջում նա դիմել է ուժային կառույցներին՝ հիշեցնելով, որ երդվել են ծառայել Հայաստանին, ոչ թե Ալիևի կամակատար Նիկոլին։ «Փաշինյանն իր հանցագործությունների համար կդատապարտվի ցմահ ազատազրկման։ Մի՛ դարձեք այդ հանցագործության մասը։ Նիկոլից հետո կյանք կա, և այն կսկսվի հունիսի 8-ին»,- կոչ է արել Սաղաթելյանը։
Source: https://news.am/hy/news/1041151