Իրանն առայժմ պատասխան չի տվել երկու երկրների միջև տարաձայնությունների կարգավորմանն ուղղված վերջնական համաձայնագրի՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված տարբերակին։ Այս մասին հունիսի 2-ին հայտնել է «Mehr» գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակցային խմբին մոտ կանգնած աղբյուրին։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Թեհրանում վերջնական տեքստի քննարկումները դեռ շարունակվում են։ Նա նշել է, որ Իրանը մեծ զգուշավորությամբ է մոտենում առաջարկի դիտարկմանը՝ հաշվի առնելով նախկին պայմանավորվածությունների փորձը և ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների կատարման հանդեպ առկա անվստահությունը։

«Հիմնվելով նախորդ փորձի վրա՝ Իրանը ձգտում է իրական և շոշափելի արդյունքների»,- հայտարարել է աղբյուրը։

Նա նաև հավելել է, որ կողմերը տարբեր կերպ են գնահատում ռիսկերը. ԱՄՆ-ն վախենում է հակամարտության էսկալացիայից, մինչդեռ Իրանը մտահոգված է հնարավոր համաձայնագրի հուսալիությամբ։

Աղբյուրն ընդգծել է, որ Թեհրանի դիրքորոշումը հիմնված է կոնկրետ և ստուգելի քայլերի սկզբունքի վրա, քանի որ երկիրը նախկինում արդեն բախվել է պայմանավորվածությունների խախտմանը։

Source: https://news.am/hy/news/1040218