Եթե Անտարկտիդայի՝ «Դատաստանի օրվա սառցադաշտ» անվամբ հայտնի Թուեյթսի սառցադաշտը քայքայվի, աշխարհի վեց երկրներ կհայտնվեն ամենախոցելի վիճակում։ Այս մասին ահազանգում է Daily Express պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման ամենալուրջ հետևանքներին կարող են բախվել Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Բանգլադեշը, Տուվալուն և Մալդիվները։ Մի շարք դեպքերում ջրասուզման վտանգի տակ կհայտնվեն ինչպես առանձին քաղաքներ, այնպես էլ ամբողջական կղզիներ։

Թուեյթսի սառցադաշտը Արևմտաանտարկտիկական սառցե վահանի առանցքային հատվածներից մեկն է։ Այն գտնվում է Ամունդսենի ծովում և զբաղեցնում է շուրջ 192 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Օվկիանոսի հետ նրա շփման գծի երկարությունը մոտ 120 կիլոմետր է. սա աշխարհի սառցադաշտերի շրջանում նմանատիպ ամենաերկար հատվածն է։

Գիտնականները Թուեյթսն անվանում են նաև յուրօրինակ «խցան», որը զսպում է Արևմտյան Անտարկտիդայի սառցե վահանի զգալի մասի քայքայումը։ Դրա հնարավոր փլուզումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել, ինչի հետևանքով Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա մոտ 3,3 մետրով։

Source: https://news.am/hy/news/1040125