Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի Դաշնության հետ ծագած խնդիրները լուծել հանգիստ, գործընկերային մթնոլորտում։ Դրա մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ հայկական արտադրանքի ներմուծումն արգելելու վերաբերյալ ռուսական կողմի որոշումներն այնքան էլ հասկանալի և հիմնավորված չեն. եթե «Ջերմուկի», ելակի կամ ծաղիկների պարագայում դեռ կարելի է խոսել չափանիշների խախտման մասին, ապա ինչպե՞ս հասկանալ ծիրանի վերաբերյալ որոշումը, եթե դրանք դեռ նույնիսկ չեն էլ աճել ու չեն ներմուծվել։ Միևնույն ժամանակ Միրզոյանը հավաստիացրել է, որ Երևանի մոտեցումն է՝ չմեծացնել լարվածությունը, ընդհակառակը՝ Հայաստանը պատրաստ է հանգիստ, գործընկերային մթնոլորտում փնտրել և գտնել լուծումներ։ Միրզոյանը վստահ է, որ այդպես էլ կլինի, մանավանդ որ սա առաջին դեպքը չէ։
Միևնույն ժամանակ, նախարարը հայտարարել է, որ արգելքը մղել է ավելի գործնական քայլերի՝ շուկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այժմ հայկական կողմը շատ ինտենսիվորեն զբաղված է նոր շուկաների և գործընկերների փնտրտուքով, աշխարհագրությունը շատ լայն է՝ Հյուսիսային Եվրոպայից, ԵՄ անդամ և ոչ անդամ երկրներից մինչև Թուրքիա և արաբական երկրներ։ Ինչպես հավաստիացնում է Միրզոյանը, փնտրտուքները բավականին հաջող են, և անսպասելի վայրերում գտնվում են գործընկերներ, որոնք նախկինում իրատեսական չէին համարվում։ Հայաստանից ծաղիկների առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել և վաճառքի է հանվել Հյուսիսային Եվրոպայում։
Միրզոյանի կարծիքով՝ հաշվի առնելով, որ եվրոպական ինտեգրման մասին օրենքը Հայաստանում ընդունվել է մեկ տարի առաջ, իսկ պատժամիջոցներն ի հայտ են եկել միայն հիմա՝ ընտրությունների նախաշեմին, ոչ պատահական զուգադիպություններն ակնհայտ են։
«Կշարունակենք բացատրել, որ Հայաստանի բոլոր հնարավոր կառավարությունները պարտավոր են առաջնորդվել ժողովրդի շահերով ու որոշումներով։ Հարցվածների 75 տոկոսը կողմ է արտահայտվել ինտեգրմանը, և մենք չենք կարող դա հաշվի չառնել։ Մեզ ասում են, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է, և դա նորություն չէ, մենք ինքներս ենք առաջինն այդ մասին ասում։ Երբ գործընթացը հասունանա մինչև որոշում կայացնելու պահը, մենք այն կկայացնենք։ Բայց մենք այլ կերպ ենք նայում այն ժամկետներին, որոնք մատնանշում են գործընկերները։ Հանրաքվեն այսպես թե այնպես կանցկացնեինք։ Շնորհակալություն հիշեցման համար, մենք այն լսեցինք»,- հայտարարել է Միրզոյանը։
Source: https://news.am/hy/news/1040993