Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների գործընկերներից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտություններն ու մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքով, ստիպված եմ արձագանքել։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում ձևավորվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել այն, ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության զգացման։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանելով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստից հետո ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած հայտարարություններին։
Նա, մասնավորապես, նշել է. «ակայն առնվազն տարօրինակ և անընդունելի է, երբ այդ գործելակերպը որդեգրում է երկրի վարչապետը։
Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկման, վերահաշվարկների և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանման գործընթացներով՝ փորձելով վերականգնել արդարությունը, երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ։
Ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որը ինչ որ մեկը շրջանառության մեջ էր նախօրեին դրել ու ես արդեն հերքել եմ, բայց ասօր արդեն հասել է վարչապետի բրիֆինգի ժամանակ քննարկմանը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արտաքին աշխարհի հետ ունեցած կապե՞րը, որոնց մասին ամբողջ աշխարհն է տեղյակ։ Այո՛, մենք ունենք միջազգային լայն և բաց համագործակցություն, և երբևէ չենք թաքցրել դա։ ՌԴ Եդինայա Ռոսիա կուսակցության հետ մեր գործընկերային հարաբերությունները, պաշտոնական հանդիպումները և փոխադարձ այցերը բազմիցս հրապարակայնորեն ներկայացվել են։
ԲՀԿ-ն հանդիսանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի անդամ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և փոխադարձ այցեր։ Շատ լավ հարաբերություններ ունենք արաբական աշխարհի մի շարք քաղաքական, հասարակական և գործարար շրջանակների հետ, ինչի մասին տեղյակ են բոլորը։ ԱՄՆ տարբեր ազդեցիկ շրջանակների հետ ունենք գործընկերային կապեր և համագործակցության ծրագրեր, որոնց մասին ևս հրապարակային խոսել ենք։
Հիմա ի վերջո ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ»։
Ծառուկյանը «ստոյկա» կտար, եթե գործարք առաջարկեի. Փաշինյան
Source: https://news.am/hy/news/1042860