Հայաստանի գործող իշխանություններին ձեռնտու չէ Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձը։ Այս մասին Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ իշխանությունները չեն զբաղվում այդ հարցով, քանի որ նրանց ձեռնտու չէ հեղինակություն ունեցող մարդկանց վերադարձը, հատկապես՝ ընտրություններից առաջ։ Նրա կարծիքով՝ իշխանությունները հավանաբար մտահոգվում են, որ նրանք կարող են համախմբել քվեարկելու իրավունք ունեցող արցախցիներին։ Քոչարյանի խոսքով՝ իշխանությունները լուրջ հնարավորություն ունեին վերադարձնելու գերության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Որպես օրինակ նա նշել է, որ Փաշինյանը, «Թրամփի ուղու» վերաբերյալ փաստաթուղթը նախաստորագրելու համար Վաշինգտոն մեկնելիս, կարող էր այդ հարցը ներառել օրակարգում։ Քոչարյանն ընդգծել է, որ նման առիթը ձեռքից բաց թողնելը հանցագործություն էր, և նման առիթներ էլի կլինեն, բայց եթե իշխանությունները ոչինչ անել չեն ցանկանում, այդ մարդիկ կմնան այնտեղ։ Նա նաև հիշեցրել է, որ առաջին պատերազմից հետո կողմերը, Ռուսաստանի այն ժամանակվա արտգործնախարար Պրիմակովի միջնորդությամբ, գերիներին փոխանակել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

«Իշխանությունները միտումնավոր ոչինչ չեն անում, որպեսզի Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը չվերադառնան Հայաստան։ Նրանք հասկանում են, որ թե՛ այս մարդիկ, թե՛ մյուսները կարող են անմասն չմնալ քաղաքական գործընթացներից»,- նշել է քաղաքական գործիչը։

Source: https://news.am/hy/news/1040245