Գերմանիան պատրաստ է ներգրավվել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում, հենց որ համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Մենք՝ որպես երկիր, նույնպես պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել Պարսից ծոցի տարածաշրջանում հակամարտության ավարտից հետո։ Մենք պատրաստ ենք մասնակցել Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովմանը, հենց որ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմանները։ Մինչ այդ, մենք հանդես կգանք հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին։ Մեր նպատակը մնում է անփոփոխ. Իրանը պետք է վերջնականապես դադարեցնի իր միջուկային ծրագիրը, և դա պետք է լինի ստուգելի»,- Բունդեսթագում կառավարական հայտարարությամբ հանդես գալիս ասել է Մերցը։
Միևնույն ժամանակ, նա պնդել է, որ «Իսրայելի և ողջ տարածաշրջանի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, հակառակ դեպքում այդ տարածաշրջանում խաղաղություն չի լինի»։
Մինչ այդ, Իրանի ԶՈՒ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբից հայտնել էին, որ Թեհրանը մտադիր է ամբողջությամբ դադարեցնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը։ Այս քայլին Իրանը դիմել է իր տարածքին ԱՄՆ-ի հասցրած կրկնակի հարվածներից հետո։ Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն ընդգծել են, որ նեղուցն անցնելու փորձ կատարած առնվազն երկու նավ արդեն խոցվել է իրենց կողմից։
Source: https://news.am/hy/news/1042819