Ֆրանսիայում հազարավոր մարդիկ մասնակցել են «լուռ երթի»՝ ի հիշատակ 11-ամյա դպրոցական Լիաննայի, որի սպանությունը հասարակական ցնցում է առաջացրել և հանգեցրել ոստիկանության ու դատական համակարգի աշխատանքի կտրուկ քննադատությանը, հաղորդում է The Guardian-ը։

Աղջկա ծնողները գլխավորել են երթը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ֆլյորանս գյուղում։ Մասնակիցները կրել են «Այլևս երբեք» գրությամբ պաստառ, շատերը հագել են սպիտակ հագուստ և ձեռքներին պահել զոհված երեխայի պատկերները։

Լիաննան անհետացել է մայիսի 29-ին այն բանից հետո, երբ, ըստ քննության տվյալների, նրան տեսել են մոխրագույն ավտոմեքենա նստելիս, որը պատկանել է 34-ամյա Ժերոմ Բարելին՝ դպրոցի հավաքարարին և երկու երեխաների հորը։ Նրա մարմինը յոթ օր անց հայտնաբերվել է լքված հացահատիկի պահեստում՝ անհետացման վայրից մոտ 15 կմ հեռավորության վրա։

Կասկածյալը հերքում է սպանությունը՝ պնդելով, թե աղջկան տարել է լողավազան։

Գործը լայն արձագանք է ստացել այն բանից հետո, երբ պարզվել է, որ դեռ 2017 թվականից տղամարդը գտնվում էր ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ մի շարք մեղադրանքների պատճառով։

2024 թվականին գործերից մեկով քննչական նյութերը փոխանցվել են դատախազություն, սակայն, ԶԼՄ-ների հաղորդմամբ, քննությունը օպերատիվ չի մեկնարկել, իսկ կասկածյալը մինչև Լիաննայի սպանության պահը չի հարցաքննվել։

Ավելի վաղ նրա դեմ առաջադրվել էին նաև այլ մեղադրանքներ՝ անչափահասների հետ սեռական բնույթի շփումներից մինչև 2022 թվականին երեխայի բռնաբարության կասկածներ, իսկ գործերի մի մասը կարճվել էր ապացույցների անբավարարության պատճառով։

Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ երկրում կուտակվել է ոստիկանությունում չքննարկված շուրջ 3 միլիոն բողոք, որոնցից մոտ 70 հազարը վերաբերում են սեռական հանցագործություններին։

Նա դատական համակարգում ստեղծված իրավիճակը անվանել է «սարսափելի» և ընդունել է գործերի մշակման ձախողումները՝ խոստանալով հրատապ ստուգումներ և բարեփոխումներ։

Ֆլյորանսի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքն ու երկիրը «շոկի և զայրույթի մեջ են»՝ ընդգծելով, որ երեխան դարձել է համակարգային ձախողումների զոհ, որոնք պետք է վերացվեն։

Source: https://news.am/hy/news/1041831