Հունիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի գործողության կասեցման մասին շրջանակի մեջ առնված հրամանագիրը։ Ինչպես գրում է «Washington Examiner» պարբերականը, սա, ըստ էության, Ադրբեջանի առաջ հնարավորություն է բացում ամերիկյան զենք գնելու համար։
Հարցը, որը պարբերականի կարծիքով պետք է տա Կոնգրեսը, և որին պետք է պատասխանեն Թրամփն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հետևյալն է. եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրոք այնքան հուսալի ու համապարփակ է, որքան իրենք են պնդում, ապա ինչո՞ւ է Ադրբեջանին անհրաժեշտ ամերիկյան արդիական սպառազինություն։ Ո՞ւմ դեմ է նախագահ Ալիևը մտադիր այն օգտագործել։ Հոդվածագրի կարծիքով՝ հայկական տարածքների օկուպացիան ակնհայտորեն հուշում է հնարավոր պատասխանը։
Հնարավոր է՝ Ռուբիոն և Ադրբեջանի կողմնակիցները պնդեն, թե Բաքվին զենքն անհրաժեշտ է Իրանին հակազդելու համար։ Այնուամենայնիվ, չնայած Հայաստանի տարածքով միջանցք ունենալու մասին բազմաթիվ խոսակցություններին, Ադրբեջանն արդեն իսկ երթուղի է կառուցել Իրանի տարածքով, որով էլ իրականացնում է իր առևտրի զգալի մասը։ Ավելին՝ Ալիևի կառավարման օրոք Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է Հայաստան-Իրան առևտրի ծավալները։
Պարբերականի կարծիքով՝ Ադրբեջանին զենք չի հասնում նաև Ռուսաստանին դիմակայելու համար։ Ինչպես պնդում է հոդվածագիրը, Մոսկվայի նկատմամբ Ալիևի վարած քաղաքականությունն ավելի շատ ուղղված է Կրեմլին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնելուն, քան Ուկրաինայում իրականացրած գործողությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելուն։
«Կովկասյան տարածաշրջանում ինչ-որ բան այն չէ։ Խաղաղության ու հանդուրժողականության կողմնակից երկրները չեն օկուպացնում հարևանների տարածքներն ու քրիստոնյա փոքրամասնությունների էթնիկ զտումներ չեն իրականացնում։ Ամերիկայի դաշնակից պետությունները առևտուր չեն անում Իրանի հետ և չեն օգնում Ռուսաստանին փողեր լվանալ։ Մի՛ խաբվեք. կասեցնելով 907-րդ բանաձևի գործողությունը՝ Թրամփն ու Ռուբիոն չեն պաշտպանում քրիստոնյաներին։ Նրանք կրկնում են նախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ամենալուրջ սխալները»,- գրում է «Washington Examiner»-ը։
907-րդ բանաձևը «Ազատության աջակցության ակտի» բաղկացուցիչ մասն է, որով սահմանափակվում էր Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը։ Անցյալ տարվա օգոստոսին հրապարակվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը, որով կասեցվում էր Ադրբեջանի դեմ 907-րդ բանաձևի գործողությունը։
Source: https://news.am/hy/news/1042763